.jpg)
ԿԸՀ-ի տված հավելյալ ժամանակը լրացավ. Ի՞նչ ստացվեց
Նախագահական ընտրություններում առաջադրված, սակայն 8 մլն ընտրագրավը չմուծած թեկնածուներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած հավելյալ 48 ժամը քիչ առաջ ավարտվեց:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Aysor.am-ին հայտնեց, որ բացի «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանից, որևէ այլ թեկնածու անդորրագիր չի ներկայացրել:
Հ. Հարությունյանն ասաց, որ թեկնածու Մհեր Հայրապետյանին տրված ժամանակն ավարտվում է ժամը 15:00-ին: Նա նույնպես չի ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր առաջ գումարած արտահերթ նիստում որոշել էր քաղաքացիներ Մհեր Հայրապետյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Պավլիկ Սարգսյանին, Նարինե Մկրտչյանին, Արամ Հարությունյանին, Ռուբեն Այվազյանին, Ռոբերտ Ահարոնյանին և Տարոն Աբրահամյանին տալ 48 ժամ հավելյալ ժամանակ` ընտրագրավը մուծելու և ԿԸՀ անդորրագիրը ներկայացնելու համար:
Նշենք, սակայն, որ այս պահին ընտրապայքարից դուրս գալու մասին հայտարարել է դեռևս 3 թեկնածու` Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը և Տարոն Աբրահամյանը: