.jpg)
ԱԺ նախագահ. Ադրբեջանը խեղաթյուրում է հակամարտության էությունը
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Բրյուսել: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպել է Եվրոպական ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատեցին արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան և երկուստեք այն պահպանելու և շարունակելու պատրաստակամություն հայտնեցին :
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն օրը հանդիպեց Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` ԱԺ նախագահը վստահեցրեց, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: ԱԺ նախագահի գնահատմամբ` այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետևանքների բուն պատճառները, նաև քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների` փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը և հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:
Բելգիայի Սենատի նախկին նախագահ, այժմ Սենատի նախագահի տեղակալ Արման դը Դեկկերը օբյեկտիվորեն գնահատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ միջազգային հանրության ու Հայաստանի կատարած քայլերը` համոզմունք հայտնելով, որ դրանք պետք է լուծում ստանան բացառապես միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան: