10/01/2013 20:25
Տեղեկանք. Իրանի հրեական համայնքը. Դավիդի աստղը մահմեդական երկրում
Իրանում հրեաները բնակվում են արդեն 2700 տարի` մ.թ.ա 538 թ.-ին Պարսից թագավոր Կյուրոս Մեծը գրավելով Բաբելոնը թույլատրել է հրեաներին բնակվել Աքեմենյան կայսրության տարածքում:
Հրեաների մեծ մասը կենտրոնացել էր Սպահան քաղաքում, որտեղ 19-րդ դարի վերջին հրեաների թիվը հասնում էր մոտ 100.000-ի:
Այս պահի դրությամբ Սպահանում գտնվում է հրեական գերեզմանատունը, որի տարիքը անցնում է 2.000 տարուց, իսկ հրեաների թիվը քաղաքում հասնում է մոտ 1500-ի:
1950-1979 թթ.-ի ընթացքում Իրանի և Իսրայելի միջև ձևավորվել էին բարիդրացիական հարաբերություններ:
1971-1979 թթ.-ին Իսրայելը մտնում էր Իրանի գլխավոր առևտրային գործընկերների առաջին տասնյակի մեջ:
Իրանի Իսլամական հեղափոխությունը բերեց Իրանի արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխությանը, ինչն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների վրա:
Չնայած դրան, հրեաների իրավունքները Իրանում պաշտպանված են Իրանի սահմանադրությամբ, իսկ այս պահի դրությամբ Իրանում հրեաների թիվը հասնում է 28.000-ի:
Իրանի տարածքում կա 40 սինագոգ, որից 23-ը` գործող, միայն Թեհրանում գործում է 11 սինագոգ:
Թեհրանում գործում են նաև հրեա երեխաների համար նախատեսված դպրոցներ և մանկապարտեզներ`Իրանի մայրաքաղաքում հրեական դպրոցների թիվը հասնում է 10-ի:
Իրանի Իսլամական հեղափոխության նախաշեմին Իրանում բնակվում էր մոտ 80.000 հրեա, նրանք կազմում էին երկրի բնակչության 0,25 %-ը:
1978 թ.-ին հրեաները հիմնականում բնակվում էին Թեհրան, Սպահան և Շիրազ քաղաքներում: Հրեաները մեծամասամբ խոշոր գործարարներ էին և առևտրականներ: