Ադրբեջանի իշխանությունները որոշել են «Ղարաբաղյան մեծ պատ» կառուցել
10/01/2013 19:51

Ադրբեջանի իշխանությունները որոշել են «Ղարաբաղյան մեծ պատ» կառուցել

Ադրբեջանի իշխանությունները որոշել են ԼՂՀ սահմանի հետ երկայնքով կառուցել 3 մետր բարձրությամբ քարե պատ: Այս մասին հայտնում է Panorama.am կայքը՝ հղում անելով Minval.az էլեկտրոնային պարբերականին:

Հրապարակման մեջ նշվում է, որ «Ղարաբաղյան մեծ պատի» շինարարության գործընթացը սկսվել է 2011թ.-ին «Ադրբեջանի տարածքների վերականգնման և վերակառուցման գործակալության» պատվերով: Այդ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 մլն. եվրո:

«Սակայն որքանով է տրամաբանական նման պատի կառուցումը Ադրբեջանի ղեկավարության այն հայտարարությունների ֆոնին, որ Ադրբեջանը վճռական է ազատագրելու այդ տարածքները: Այդ պատի կառուցումը արդյո՞ք չի խոսում այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները կորցրել են մոտ ապագայում Ղարաբաղյան խնդրի կարգավորման հույսը: Պատի կառուցման մեջ չկա՞ արդյոք կոռուպցիոն բաղադրիչ»,- հարցադրումն է անում հոդվածի հեղինակը:

Վերջինս վկայակոչում է ադրբեջանական ընդդիմադիր գործիչների վերաբերմունքը, ովքեր կարծում են, որ «Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու այդ քաղաքականությունը շատ վտանգավոր միտում է»:

Մյուս կողմից հեղինակը ներկայացնում է նախագծին կողմ փորձագետների մոտեցումը, որ նման պատը կարող է ամրության դեր խաղալ Ադրբեջանի կողմից նոր պատերազմական գործողություններ սկսելու դեպքում, որի հնարավորությունը կարող է ի հայտ գալ Իրանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման դեպքում:

«Նման ենթադրությունները կտրված են իրականությունից: Առաջին հերթին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հավանականությունը զրոյական է: Երկրորդ՝ տարածքների ազատագրման համար անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանի չեզոքությունը, այլև Արևմուտքի լուռ համաձայնությունը: Իսկ դա հնարավոր է միայն տեսականորեն, այն էլ միայն այն դեպքում, երբ երաշխավորված լինեն կարճատև ռազմական գործողություններ: Տարածքների ազատագրումը ենթադրում է հարձակողական գործողությունների անցկացում, իսկ այդ դեպքում նման ամրությունները բացարձակապես անօգուտ են: Շփման գծում նման պատի կառուցումը կարող է միայն մասնակիորեն ապահովել ռազմական գործողություններին մոտ բնակվող բնակչության անվտանգությունը: Այսպիսով, պատի կառուցման արդյունավետությունը կարող է այնքան էլ բարձր չլինել»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ադրբեջանի իշխանությունները որոշել են «Ղարաբաղյան մեծ պատ» կառուցել