Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարըին
10/01/2013 19:02

Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարըին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել  Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը։ Նախարարն ընդգծել է, որ միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ընդունվել և ուժի մեջ է մտել նոր Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը։

Դեսպան Տալյավինին, աղբյուրի փոխանցմամբ,  շնորհակալություն է  հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ՀՀ կառավարության կողմից հղած հրավերի համար և վստահեցրել է, որ դիտորդական առաքելությունը անաչառ կլինի:

Նախարարը նշել է, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով։ Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին ՀՀ Նախագահի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել։

Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և շուրջ 250 կարճաժամկետ դիտորդներ:

Նախարար Նալբանդյանն, իր հերթին, վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու դիտորդական առաքելության աշխատանքներին:
 

Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարըին