Բաքվում հայերը սպանվում էին իրենց ազգային պատկանելիության համար
12/01/2013 17:21

Բաքվում հայերը սպանվում էին իրենց ազգային պատկանելիության համար

1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000-ոց հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից: 

Baku.am-ի փոխանցմամբ, դեռ 1988-1989թթ. ընթացքում ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ադրբեջանի մայրաքաղաքում հայ բնակչության ջարդերի համար: Ադրբեջանի «Ժողովրդական ճակատը», որտեղ տիրապետող էր դարձել արմատական թևը, բացիեբաց կոչ էր անում վտարել քաղաքի հայերին և զբաղեցնել նրանց բնակարանները: Ամբողջ 1989թ. ընթացքում Բաքվի հայ բնակիչները վախենում էին քաղաք դուրս գալ, քանի որ ազգությամբ հայ քաղաքացիները հարձակումների ծեծի և թալանի էին ենթարկվում ինչպես քաղաքային տրանսպորտում, այնպես էլ փողոցներում: 1989թ. ընթացքում Բաքվում գրանցվեցին բազմաթիվ հայերի սպանություններ: Հաճախակի էին դարձել նաև բնակարանների թալանի, և բնակիչների վտարումների դեպքերը: Ազգային պատկանելության համար Բաքվի հայերից շատերին անհիմն կերպով ազատում էին աշխատանքից:

1990թ. հունվարյան ջարդերն ու բռնությունները Բաքվում ավելի վաղ էին նախապատրաստվել: Աշխատանքները տարվել էին մի քանի ուղղություներով: Մասնավորապես լայնամասշտաբ հակահայկական քարոզչություն էր ծավալվել լրատվամիջոցներում, որի նախաձեռնողն ու ուղղորդողը ադրբեջանական մտավորականությունն էր: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ռադիոյով մտավորականներից շատերը շեշտում էին, որ հայերը զբաղեցնում են ամենակարևոր պաշտոնները և քաղաքի լավագույն բնակարանները: Ջարդերի իրականցման մեխանիզմի հաջորդ կարևոր փուլը բնակշահագործման աշխատակիցների, միլիցիայի և շտապօգնության ծառայությունների համակարգումն էր: Բնակշահագործման աշխատակիցները ճշտում և հստակեցնում էին քաղաքում գրանցում ունեցող հայերի առկայությունը պարենային կտրոնների ցուցակներով: Կազմվել էր քաղաքի քարտեզը իր բոլոր մանրամասներով` բաժանված շրջանների և թաղամասերի, որոնց վրա նշված էին հայերով խիտ բնակեցված հատվածները: Նախօրոք կազմվել էին նաեւ հայ բնակիչներին պատկանող տների ցուցակները և բնակարնների հասցեները: Ջարդարարներին աջակցում էին նաև իրավապահ մարմինները` ապահովելով նրանց անպատժելիությունը: Իրենց հերթին շտապօգնության բժիշկները, կեղծ բժկական վկայականներ էին տալիս, որոնց համաձայն հայերի մահը սրտանոթային խանգարումների հետևանք էր, այլ ոչ թե բռնությունների:

1990թ. հունվարի 13-ին հայերի ջարդերը Բաքվում ընդունեցին համատարած բնույթ: Բռնությունների սկսվելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, մասնավորապես Լենինի հրապարակում այդ օրը հավաքվել էր 70-100 հազար մարդ, որոնք պահանջում էին իշխանությունների հեռացում և հաշվեհարդար հայերի նկատմամբ: Այս ամենը տեղի էր ունենում ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարությունների իմացության և թողտվության պայմաններում: Հունվարի 13-ի հանրահավաքից հետո ամբոխը` խմբերի բաժանված, ԱԺՃ-ի ակտիվիստների ղեկավարությամբ տուն առ տուն սկսում է քաղաքը «մաքրել» հայերից: Փախստականները վկայում էին, որ գոյություն է ունեցել բռնությունների իրականացման հստակ սխեմա. ջարդարարների մի խումբ` նախանշված հասցեներով ներխուժելով հայերի բնակարաններ սկսկել ծեծ ու բռնարարաքներ: Գոյություն ունեն բացառիկ դաժանությամբ իրականացված գազանությունների, սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ. Հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Դրան հետևել է ԱԺՃ-ի անդամների այցը բնակարանի համար այսպես կոչված «օրենքով ձեւակերպված» փաստաթղթերով: Ջարդարարները բնակարանի հայ սեփականատիրոջը առաջարկում էին կյանքը փրկելու համար անմիջապես մեկնել նավահանգիստ: Ականատեսները վկայում են, որ հենց հայ բնակչին տանից դուրս էին հանում, անմիջապես հայտնվում էր նոր տան տերը` տան պաշտոնական օրդերը ձեռքին: Հայերին միայն թույլ էին տալիս վերցնել այնքան իր, որքան կարող էին տանել, մնացած գույքը, տան փաստաթղթերը, արժեքավոր իրերը, անգամ խնայդրամարկղի գրքույկները առգրավվում էին:

1990թ. Բաքվի ողբերգական դեպքերի ժամանակ փողոցներում, աշխատատեղերում, տներում, հասարակական տրանսպորտում ծեծի էին ենթարկվել և մարմնական ծանր վնասվածքներ ստացել հարյուրավոր բաքվեցի հայեր: Բռնագաղթվածների մեծ մասը տարեցներ էին, որոնցից շատերը չդիմանալով դաժան ծեծին, նվաստացմանը, հոգեկան մեծ ցնցնումներին մահացան ճանապարհին կամ տեղ հասնելուն պես` հիվանդանոցներում: Լաստանավով Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաք հասած փախստականները ինքնաթիռներով տեղափոխվեցին Երևան: Այդ փախստականները հիմնականում տարեց մարդիկ էին` ծեծված և վիրակապերով: 

Բաքվում հայերը սպանվում էին իրենց ազգային պատկանելիության համար