Բաքվի հայերի ցեղասպանությունը. Բաքուն առանց հայերի
12/01/2013 16:48

Բաքվի հայերի ցեղասպանությունը. Բաքուն առանց հայերի

Այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը, դժվար է բառերով վերարտադրել: Դա վտանգավոր է մարդասիրական և քաղաքակիրթ հարաբերությունների արժեքներով առաջնորդվող նորմալ մարդու հոգեկան առողջության համար:

«1990 թվականի հունվարի 13-ին` ժամը 17-ից հետո, Լենինի հրապարակից դուրս եկած մոտ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց ջարդեր, ավերածություններ, հրկիզումներ, բռնություններ ու սպանություններ…»,- «Իզվեստիա», 1990 թվականի հունվարի 15:

Karabakhrecords.info-ի փոխանցմամբ` ահռելի ամբոխը, վանկարկելով «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՜ առանց հայերի Բաքուն» կարգախոսները, հավաքվեց Լենինի հրապարակում: Երեկոյան կողմ սկսվեցին աներևակայելի դաժանությամբ և սադիզմով կատարվող ջարդերը. հայկական թաղամասի մերձակա շրջանը դարձավ զանգվածային սպանությունների թատերաբեմ: Մարդկանց ցած էին նետում շենքերի վերին հարկերից, իսկ ամբոխը հարձակվում էր հայերի վրա և ծեծելով սպանում:
«Հանրահավաքների ժամանակ լսվում էին հայերին Բաքվից վտարելու կոչեր: Ամբոխը վանկարկում էր հակահայկական կարգախոսներ, հենց դրանից հետո էլ տեղի ունեցան ամենասահմռկեցուցիչ իրադարձությունները: Ամբոխի պարագլուխների ձեռքներին հայտնվեցին այն հայերի ցուցակները, ովքեր դեռ շարունակում էին մնալ Բաքվում: Նրանց սկսեցին հետապնդել»,- հաղորդում էր Բաքվից մոսկովյան ռադիոկայանի թղթակիցը:

Հունվարի 15-ին «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է.«Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայկական թաղամասում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը գազազած ամբոխն առնվազն 25 մարդ է սպանել: Ըստ նախնական տվյալների` զոհերի թիվը հասնում է 25-ի»:

«Բաքվում սկսված ջարդերն ու հարձակումները հունվարի 15-ին շարունակվում են: Նախնական տվյալներով` վերջին երեք օրերին տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 33 մարդ: Սակայն այս թիվը չի կարելի վերջնական համարել, քանի որ դեռևս ստուգված չեն Բաքվի բոլոր բնակարանները, որտեղ եղել են ջարդարարները…»,- «Իզվեստիա», 1990 թվականի հունվարի 16:

Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը` Լենինի պողոտան, ողողված էր արյունով: Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվող ռուսները սարսափով են վերհիշում իրենց հարևանների նկատմամբ իրականացված հաշվեհարդարի տեսարանները, որոնք սպանվում էին դիմահար կրակոցով, պատշգամբներից ցած էին նետվում, ողջակիզվում և անգամ քառատվում ադրբեջանական գազազած ամբոխի ձեռքով:

«Սրանք ամենաանգութ մարդասպաններն էին: Հարձակվում էին և’ տղամարդկանց, և’ կանանց, և’ ծերերի, և’ երիտասարդների վրա: Միայն այն պատճառով, որ նրանք հայ էին: Ադրբեջանում հայ լինել նշանակում էր կանխավ դատապարտված լինել մահվան»,- հեռախոսով հաղորդում էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Բաքվից:

«Հունվարի 16-ին Բաքվում բացահայտվել է հայերի բնակարանների վրա հարձակման 64 դեպք: Հանրապետության մայրաքաղաքի Լենինյան շրջանում հայտնաբերվել է 4 մոխրացած դիակ, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ:»,- հունվարի 18, «Իզվեստիա»:
«Հունվարի 17-ին Բաքվում իրականացվել է 45 բնակելի տների վրա հարձակում և հրկիզում»,- «Իզվեստիա», հունվարի 19:
Հունվարի 18-ին ռուս բանաստեղծ Դավիդ Սամոյլովն իր օրագրում գրում է. (տեքստը) «Ադրբեջանի վայրենությունը ցնցում է: Մտքերս միայն դրա մասին են»:

Իր հայրենակիցների աննախադեպ սադիզմի և իրավապահ մարմինների անգործության մասին վկայել է անգամ Ազգային ճակատի առաջնորդներից մեկը` Էթիբար Մամեդովը.

«Անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես երկաթուղային կայարարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի. հավաքվեց ամբոխը, հայերի վրա բենզին լցրեցին և վառեցին, իսկ դրանից 200 մետր հեռավորության վրա գտնվում էր Նասիմինյան շրջանի միլիցիայի բաժանմունքը, որտեղ այդ պահին ներքին զորքերի 400-500 զինվոր կար: Նրանք վառվող դիակներից 20 մետր հեռավորության վրա շրջում էին մեքենայով, և ոչ ոք շրջանը պաշարելու և ամբոխը ցրելու որևէ փորձ չարեց»,- «Նովայա ժիզն» թերթ, 1990, թիվ 5:

1989 թվականին սկսվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջափակումը: Ավազակային հարձակումներ ու ջարդեր, խաղաղ բնակիչների դաժան սպանություններ, ծայրամասային գյուղերի ազգաբնակչության բռնի տեղահանում, մարդկանց առևանգումներ, խոշտանգումներ և կտտանքներ:

Բաքվում իրավիճակն օր օրի լարվում է. հայերին զանգվածաբար հեռացնում են աշխատանքից, նրանց վիրավորում ու ստորացնում են հիմնարկներում, հասարակական տրանսպորտում, խանութներում, բնակշահագործման գրասենյակներում, ուր նրանք դիմում են փաստաթղթեր ստանալու համար, ծեծում ու սպանում են: 1988-89 թվականներին իրականացված էթնիկ զտումների հետևանքով նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանվեց ավելի քան 500 հազար հայ: 

Բաքվի հայերի ցեղասպանությունը. Բաքուն առանց հայերի