Սիրիահայ բժիշկներից շատերն արդեն ապահովված են աշխատանքով
12/01/2013 16:17

Սիրիահայ բժիշկներից շատերն արդեն ապահովված են աշխատանքով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Սիրիայից գաղթած բժիշկների հետ։ Քննարկման հիմնական թեման նրանց աշխատանքի տեղավորման հարցն էր։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա էին գրեթե բոլորը` մոտ 50 բժիշկ, որոնցից 20-ն արդեն ապահովվել է աշխատանքով։

Դեռ նախորդ հանդիպման ընթացքում մի խումբ սիրիահայ մասնագետներ մասնավոր առանձին կլինիկա բացելու ցանկություն էին հայտնել։

Մեկ անգամ ևս ճշգրտվել են  նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները` ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Հենց քննարկման ընթացքում բժիշկներից մեկը համաձայնել է աշխատել մոտակա մարզում։ Մի քանի ստոմատոլոգների և երկու դեղագետի ևս կոկրետ աշխատանք է առաջարկվել։ Որոշ առաջատար մասնագետներ էլ ցանկություն են հայտնել զբաղվել նաև դասախոսական աշխատանքով` ինչպես Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնպես էլ` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական քոլեջներում։

Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերին մոտ օրերս լուծում կտրվեն, և բոլոր մասնագետներին աշխատանք կառաջարկվի։ Այդ նպատակով նախարարը խոստացել է  բանակցել նաև մասնավոր դեղարտադրողների հետ։

Սիրիահայ բժիշկների խնդրանքով այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն նախարարի հետ։
 

Սիրիահայ բժիշկներից շատերն արդեն ապահովված են աշխատանքով