«Բաքվի հայերի ջարդը Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ժողովրդի ինքնորոշմանը»
12/01/2013 17:03

«Բաքվի հայերի ջարդը Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ժողովրդի ինքնորոշմանը»

Բաքվի հայերի հանդեպ բռնությունները, իրականում,  սկսվել են դեռևս 1988-ից և իրենց ավարտին են հասցվել միայն1990-ի հունվարի 13-19-ը: Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդը Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ազատ արտահայտմանը: Անդրադառնալով 1990-ի հունվարի 13-ին տեղի ունեցած Բաքվի հայկական  ջարդերին`  ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությանը մասնակցած ադրբեջանցի հրոսակները, նրա խոսքերով, ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլև` արժանացան պետական բարձր պարգևների և պաշտոնների, և այսօր էլ ադրբեջանական իշխանության էլիտայում կան մարդիկ, որոնց ձեռքերը արյունոտ են հայերի ջարդի հարցում: 

«Մեր խնդիրն այսօր պետք է լինի միջազգային հանրությանը ծանոթացնել հայերի ջարդի հետ կապված բոլոր փաստաթղթերին և ևս մեկ անգամ հավաստիացնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, քանի որ նրանց սպառնում է Բաքվի և Սումգայիթի հայերի ճակատագիրը»,- ասաց  Գ. Մելքոնյանը՝ հավելելով, որ այդ ցեղասպան քաղաքականությունն այսօր Ադրբեջանն իրականացնում է նաև իր տարածքում ապրող բնիկ ժողովուրդների նկատմամբ:

Նա հիշեցրեց, որ բոլոր պատմական փաստերն առկա են, որ 1990-ի  հունվարի 13-19-ը կազմակերպված Բաքվի հայերի ջարդերը եղել են պետականորեն կազմակերպված քաղաքականություն: Նրա դիտարկմամբ, պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հարցում միշտ եղել է ցեղասպան:

«Բաքվի հայերի ջարդերը դատապարտվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, բայց, ցավոք, խնդիրը չի ստացել իրավական կարգավորում: Քանի դեռ լրջորեն չի դատապարտվել Բաքվի և Սումգայիթի հայերի ջարդը, ամեն օր կա այն վտնագը, որ այդ քաղաքականությունը Ադրբեջանը փորձելու է կիրառել Արցախի բնակչության նկատմամբ: Եվ հայկական բանակն է, որ չի թույլատրում Ադրբեջանի այդ քաղաքականության իրականացումը»,- ասաց Գ. Մելքոնյանը:

«Բաքվի հայերի ջարդը Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ժողովրդի ինքնորոշմանը»