Հացպանյան. Անձնագիր ստանալուց հետո առաջինը գնացել է Սուրբ Սարգիս եկեղեցի
12/01/2013 17:00

Հացպանյան. Անձնագիր ստանալուց հետո առաջինը գնացել է Սուրբ Սարգիս եկեղեցի

Սարգիս Հացպանյանը երեկ անձնագիր է ստացել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջնորդության և իր հետևողական պայքարի արդյունքն է:

«Ես մինչև երեկ կեսօր արտաքսման ենթակա էի, այժմ՝ ձեր նման ՀՀ քաղաքացի: Մինչև ստանալու պահը՝ ես այդ մասին չեմ իմացել: Ինձ մի քանի օր առաջ զանգահարեցին ոստիկանությունից, և ասացին, որ այսինչ օրը այսինչ ժամին իրենց մոտ գնամ: Ես շշմել էի, երբ ինձ տվեցին ՀՀ քաղաքացու անձնագիր: Ես սեպտեմբեր ամսին հանդիպել եմ միայն Հրանուշ Հակոբյանի հետ, ով էլ խոստացավ հետամուտ լինել խնդրի լուծմանը: Սա նախադեպ է, քանի որ ՀՀ մի նախագահը արտաքսման հրաման է տալիս, մյուսը` անձնագիր»,- ասաց նա:
 
Ս. Հացպանյանի խոսքով՝  անձնագիր ստանալուց հետո առաջինը գնացել է Սուրբ Սարգիս եկեղեցի և մոմ վառել:

«Անձնագիր չունենալու պատճառով իմ ընտանիքը սոցիալապես վատ վիճակում էր հայտնվել: Անհեթեթ էր, որ պայքարի ժամանակ իմ հետ եղած մարդիկ այժմ ԱԺ անձեռնմխելիությունից են օգտվում, իսկ ես աքսորյալի կարգավիճակում էի ապրում: Այս անձնագիրը ինձ շատ բան կտա: Ես կարող եմ ընդունել այն աշխատանքի առաջարկները, որ արվել են ինձ, բայց ես անձնագրի պատճառով չեմ կարողացել ընդունել, գնալ Ֆրանսիա, տեսնել մայրիկիս, այցելել հորս գերեզմանին»,- ասաց Ս. Հացպանյանը:

Նրա խոսքով՝ իրենք այս հարցով հունվար ամսվա ընթացքում պատրաստվում էին հայց ներկայացնել ՄԻԵԴ, սակայն այժմ դա այլևս չեն անի: 
 

Հացպանյան. Անձնագիր ստանալուց հետո առաջինը գնացել է Սուրբ Սարգիս եկեղեցի