Տոների առիթով ԶԼՄ ներկայացուցիչները հյուրընկալվել են վարչապետին
12/01/2013 14:09

Տոների առիթով ԶԼՄ ներկայացուցիչները հյուրընկալվել են վարչապետին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության անհնար է և, ըստ էության, դուք այն չափանիշն եք, որով մենք կարող ենք դատել, թե մեզանում որքանով է հասուն քաղաքացիական հասարակությունը: Առաջին հերթին դա պայմանավորված է այն ազատություններով, որոնք տիրում են այս բնագավառում: Կարծում եմ՝ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում էապես ամրապնդվել է: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների առջև այսօր կանգնում են նոր խնդիրներ: Պետք է արագ փոփոխվող աշխարհում կարողանալ ճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ, ճիշտ գնահատականներ տալ և ուղղորդել հանրությանը:

Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ձեր բոլոր վերլուծական նյութերը և հաճախակի է անդրադառնում քննադատություններին: Տեսնում եք, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ձեր կողմից բարձրացված խնդիրները դառնում են կառավարության քննարկման առարկա և ստանում գործուն լուծումներ: Ապագայում էլ այս համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին»,- ասել վարչապետը:

ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶՄՆ-ների մի շարք ներկայացուցիչներ:

Ի դեպ, Aysor.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը նույնպես  ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես  ուշադրության կենտրոնում պահելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից խրախուսվել է շնորհակալագրով:

Տոների առիթով ԶԼՄ ներկայացուցիչները հյուրընկալվել են վարչապետին