Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ
14/01/2013 20:02

Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ

2013 թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ` 4.161.932 արխիվային գործով, այդ թվում` 316.142 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: Այս մասին ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի անցկացրած խորհրդակցություն ընթացքում:

Արխիվի տնօրենը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց 2012թ. կատարված աշխատանքների և 2013 թ. անելիքների մասին: Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից:

2012 թ. համեմատ, արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով: Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել արխիվային փաստաթղթերի ֆիզիկական վիճակի բարելավման և պահպանվածության ապահովման նպատակով: 2012թ. ընթացքում վերականգնվել-վերանորոգվել է 308.875 թերթ արխիվային փաստաթուղթ:

Աշխատանքներ են իրականացվել տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման և կատարելագործման ուղղությամբ: Շարունակվել է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Տարվա ընթացքում թվայնացվել է 224.219 պատկեր, «Հայաստանի ազգային արխիվ» ծրագրին արդեն միացվել է 31.755 պատկեր: Թվայնացվել է նաև 973 կինոֆոտոֆոնո փաստաթուղթ` ծրագրով նախատեսած 880-ի փոխարեն: Աշխատանքներ են իրականացվել ներարխիվային համակարգչային ցանցի գործարկման, համակարգչային նոր ծրագրերի ներդրման, էլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման ոլորտում:

Առաջին անգամ արխիվը իրականացրել է էլեկտրոնային փաստաթղթերի համալրում. համալրվել է 193 171 8 էլեկտրոնային թղթապանակ` 8,075586 Tb ծավալով: Առաջին անգամ նաև հայոց պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճեններ են ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի արխիվներից:

Տարվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և կազմակերպություններից, այդ թվում` արտասահմանից ստացված 100 թեմատիկ և 25.797 սոցիալ-իրավական բնույթի հարցման` նախորդ տարվա 24 հազարի դիմաց: Ազգային արխիվն ունեցել է 524 ուսումնասիրող` 40-ով ավելի, քան նախորդ տարի:
 

Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ