.jpg)
2012 թ.-ի Հայաստանում փախստական է ճանաչվել 145 անձ
2012թ.-ին ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով ծառայությանն է դիմել 565 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 494-ը` Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանցից ՀՀ-ում փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել 145-ը: Այս մասին նշվել է այսօր տարածքային կառավարման նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր նախարար Արմեն Գևորգյանը:
Խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին կառույցի կողմից 2012թ-ին կատարված աշխատանքները և 2013 թ-ի ծրագրերը:
Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին աշխատանքները հիմնականում ուղղված են եղել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» 2012թ. նախատեսված միջացառումների իրականացմանը, Սիրիայից ժամանած անձանց հիմնախնդիրների լուծմանը: Ծրագրով նախատեսված 147 գործողություններից 2012թ-ին մեկնարկել է 83-ը:
Ավարտվել են ՍԷԿՏ համակարգի բարեփոխման աշխատանքները: Համակարգը հնարավորություն կընձեռի միգրացիոն հոսքերի ծավալների վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալ:
«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Բացի այդ, ծառայության տնօրինության տակ եղած ռեզերվների հաշվին Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ: Այս մասին հաղորդում են ՏԿՆ լրատվական ծառայությունից: