Վրաստանում 2 հայ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին
14/01/2013 09:09

Վրաստանում 2 հայ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին

2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն` երեկ` մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:  

2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին կեղծ մեղադրանքներով ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:

Ազատ արձակվելուց անմիջապես հետո, հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:

Սրբազան Հայրը եկեղեցում աղոթեց և օրհնեց Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդներին:

Իր խոսքի մեջ Արմեն Գևորգյանը ի լուր ժողովրդի, իր և մյուս քաղբանտարկյալների անունից երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր երկու տարի 2 ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին և հայ և վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նրանց ազատման հարցում:

Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:

Մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը:

Վրաստանում 2 հայ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին