.jpg)
Իգիթյան. Կեղծիքները սվաղողը չի փոխվել, ինչպե՞ս հավատանք
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է, որ այս անգամ մեզ բացառիկ լավ ընտրություններ են սպասվում: Այս մասին պատգամավորը հայտարարեց լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ: Ըստ Զաքարյանի՝ բնական է, որ նախընտրական շրջանում իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը տեղափոխվում է փոխադարձ մեղադրանքների դաշտ.
«Խնդիրը մեկն է` 20 տարիների ընթացքում մենք ունենք լուրջ նախադրյալներ կայացած պետության մասին խոսելու համար: Իհարկե, նաև հաշվի ենք առնում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գրանված մի շարք թերացումներ: Հենց այս թերացումներն էլ լինելու են իշխանության գործունեության մոտիվացիան գալիք տարիներին: Իշխանությունն իր քաղաքական ծրագրերը կառուցում է հասարակությունում եղած պահանջների հիման վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Հասարակության պահանջներին անդրադարձավ նաև ասուլիսի մյուս բանախոս, ընդդիմադիր Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ հասարակության այն զանգվածը, որը սատարում էր ընդդիմությանը, վերջինիս չառաջադրվելուց հետո հենց այդպես միանգամից չի սկսելու սիրել իշխանություններին. «Թվեր չեմ նշի ու չեմ գնա Ադիբեկյանի ճանապարհով: Բանն այն է որ չի կարող հասարակության 75 տոկոսը սիրել կոռուպցիան, անգրագիտությունն ու լկտիությունը »,- ասաց Իգիթյանը:
Ինչ վերաբերում է բացառիկ լավ ընտրություններին, ապա Իգիթյանի կարծիքով, ոչ մի փոփոխություն չի լինի.
«Նույն ձեր կուսակցության օլիգարխները նույն գումարը կծախսեն, ինչ նախորդ ընտրություններին: Նույն մարդիկ են գլխավորում ձեր շտաբը: Կեղծիքները սվաղող ԿԸՀ նախագահը նույնպես չի փոխվել: Այդ դեպքում, ո՞րտեղից հավատ ունենանք, որ այս ընտրություններով դեպի առաջ ենք շարժվում »,- ասաց Իգիթյանը: