Նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու
14/01/2013 14:32

Նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու

ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու է գրանցել 15 հավակնորդներից 8-ին: Այսօր կայացած արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մյուս թեկնածուները հավելյալ 48 ժամվա ընթացքում ԿԸՀ չեն ներկայացրել ընտրագրավի անդորրագիրը:

Գրանցված թեկնածուներն են՝ ՀՀ գործող Նախագահ,  ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ,  «Ազատություն» կուսակցության նախագահ  Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:

Արտահերթ նիստում քննարկվեց նաև Ռոբերտ Ահարոնյանի ինքնաբացարկի դիմումը:

«ԿԸՀ-ն որոշել է Ռոբերտ Ահարոնյանի դիմումը բավարարել և նրան վերադարձնել առաջադրման փաստաթղթերը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Ռոբերտ Ահարոնյանը հույս հայտնեց, որ մինչ հաջորդ ընտրությունները ԿԸՀ-ն Սահմանադրության մեջ կետ չի ավելացնի, որով ընտրություններին մասնակցելու համար քվեարկողներից գումար կպահանջվի:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ընտրապայքարից, քանի որ «անհիմն եմ համարում այդքան գումար ծախսել Հանրապետական կուսակցության հետ մրցակցելու համար»:

ՀՀ Նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013թ.-ի փետրվարի 18-ին:
 

 

Նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու