Ռուսաստանի ռազմա-քաղաքական ուղենիշները Հարավային Կովկասում
14/01/2013 20:55

Ռուսաստանի ռազմա-քաղաքական ուղենիշները Հարավային Կովկասում

2008 թ.-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ամրապնդեց իր ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Մոսկվան հնգօրյա պատերազմի արդյունքում կարողացավ կանխել Վրաստանի` Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ իր վերահսկողության վերականգնումից հետո ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հնարավորությունը:

Ռուսաստանը օգտագործելով պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և այնտեղ տեղադրեց իր ռազմակայանները ու ստանձնեց Աբխազիայի և Հվ. Օսիայի սահմանների անվտանգության ապահովումը:

Ռուսաստանի, Աբխազիայի և Հվ.Օսիայի միջև ստորագրված համաձայնագրերը թույլ են տալիս Մոսկվային 49 տարի շարունակ պահպանել իր ռազմական ներկայությունը այդ տարածքներում:

Աբխազիայում տեղակայվեց ռուսական 3700 հոգանոց զորախումբը, իսկ աբխազա-վրացական և վրաց-հարավ-օսական սահմանների վերահսկողությունը ստանձնեցին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումները: 

Բացի այդ, Մոսկվան ֆինանսական, դիվանագիտական, հումանիտար և այլ տեսակի աջակցություն է ցուցաբերում Սուխումիին և Ցխինվալին, հեշտացնում աբխազների և օսերի մուտքը Ռուսաստանի տարածք, քանի որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը ունի ռուսական քաղաքացիություն:

Պետք է նշել, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինի 20-րդ կետի համաձայն, Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում կիրառել ԶՈւ-րը իր կամ իր դաշնակիցների նկատմամբ իրակացված ագրեսիան կանխելու, ինչպես նաև Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար: 

Այդպիսով, առաջիկա 50 տարվա կտրվածքով Մոսկվան ապահովագրել է իր ռազմա-քաղաքական, տնտեսական ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում, ինչը մի կողմից նպատակ ունի ապահովագրել անկայուն Հյուսիսային Կովկասի անվտանգությունը, ինչպես նաև կանխել վրացական եվրոատլանտյան ձգտումները:

Անդրադառնալով Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին պետք է նշել, որ Վրաստանի նոր իշխանությունները ի դեմս Վրացական երազանք կոալիցիայի և նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փորձում են քայլեր ձեռնարկել Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու, վրացական արտադրանքը ռուսական շուկա դուրս բերելու և աբխազական և հարավօսական հարցերի շուրջ առկա ստատուս-քվոն փոփոխելու համար:

Այդ ուղղությամբ ձեռնարկվում են որոշակի քայլեր`Վրաստանի վարչապետը հրամանով ստեղծվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Այդ պաշտոնը ստանձնած Զուրաբ Աբաշիձեն վերջերս Ժնևում հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հետ, ինչը հարաբերությունների վերականգնման առաջին փորձ կարելի է համարել: 

Մոսկվան Հարավային Կովկասում իր ռազմա-քաղաքական ուղենիշներում Հայաստանի հետ հարաբերությունները համարում է առաջնային, քանի որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր և միակ ռազմա-քաղաքական դաշնակիցը, ինչը ամրագրված է հայ-ռուսական համաձայնագրերով:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելուն նպաստել է 2010թ.-ին 2 երկրների միջև ստորագրված նոր համաձայնագիրը, որով Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման ժամկետները երկարաձգվում են մինչև 2044թ.-ը, ինչպես նաև ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ ԶՈւ-րի հետ համատեղ ապահովել Հայաստանի անվտանգությունը: 

Հայաստանի նկատմամբ հարևանների կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում, Ռուսաստանը իր ռազմական ողջ պոտենցիալը օգտագործելու է իր ռազմավարական դաշնակցի`Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար, ինչը նոր մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը և զսպում պոտենցիալ հակառակորդներին ռազմական ոտնձգություններ կիրառելուց:
Ռուսաստանի ռազմական դոկտրինի 21-րդ կետի համաձայն, Ռուսաստանը դիտարկում է ՀԱՊԿ-ի անդամների դեմ ագրեսիան որպես ագրեսիա և հարձակում Ռուսաստանի վրա և պարտավորվում բոլոր հնարավոր միջոցներով օգնելու իր դաշնակիցներին: 

Այդ համաձայնագիրը փոխլրացնում է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում գործող անդամ-երկրների պարտավորությունները`ՀԱՊԿ-ի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում դիմելու կոլեկտիվ պաշտպանության և դիտարկել այդ հարձակումը որպես անդամ-պետություններից բոլորի դեմ կիրառված ագրեսիա:

Դիտարկելով ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարելի է հանգել այն եզրակացության, որ դրանք կրում են բավականին լարված բնույթ, ելնելով մի քանի պատճառներից:

Այսպես, Ադրբեջանը սկսած 1990-ական թթ.-ից հակառուսական էներգետիկ-կոմունիկացիոն ծրագրերին մասնակցությունը աստիճանաբար դարձրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղենիշներից մեկը, ինչի վառ ապացույցը արդեն տարիներ շարունակ գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի գործունեությունն է, Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը, AGRI նախագիծը:

Կասպից ծովի ավազանից դեպի Եվրոպա գազի արտահանման նոր նախագծերից է AGRI-(Azerbaijan-Georgia-Romania-Interconnector) նախագիծը, որը ենթադրում է ադրբեջանական գազի արտահանում Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա, մասնավորապես Ռումունիա:

Ծրագրի իրականացումը կողմերին կարժենա 1,2-4,5 միլիարդ եվրո`կախված գազի հեղուկացման հզորություններից, իսկ տարեկան նախատեսվում է արտահանել 2-8 միլիարդ խմ գազ:

Ռուսական ազդեցությունից ձերբազատվելու քաղաքականության ենթատեքստում կարելի է դիտարկել նաև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետ կապված դեպքը, երբ Բաքուն մի քանի հարյուր անգամ փորձեց բարձրացնել վարձակալության գինը Ռուսաստանի համար, ինչը ավելի շատ քաղաքական ժեստ էր հիշեցնում, ինչը նպատակ ուներ ստեղծել այնպիսի պայմաններ, որ ռուսները ստիպված լինեն հեռանալ Ադրբեջանի տարածքից`  կայանը հանձնելով Բաքվին:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկում է որպես իր առանձնահատուկ շահերի գոտի կամ կենսական շահերի տարածք, կարմիր գիծ, որից այն կողմ Մոսկվան չի կարող գնալ զիջումներ ուժային այլ կենտրոնների կամ տարածաշրջանում շահեր հետապնդող այլ գերտերություններին:

Կորցնելով վերահսկողությունը Հարավային Կովկասի նկատմամբ, Ռուսաստանը կորցնում է արդյունավետ վերահսկողությունը իր Հյուսիսային Կովկասի նկատմամբ, ինչը կարող է դոմինոյի սկզբունքով բերել երկրի տրոհմանը`ազգային-էթնիկ սահմաններով:
 

Ռուսաստանի ռազմա-քաղաքական ուղենիշները Հարավային Կովկասում