.jpg)
Ահարոն Ադիբեկյան. Գաճաճ թեկնածուների առաջադրումը մանկամտության հետևանք է
«Նախագահի թեկնածուն պետք է ունենա խարիզմատիկ դեմք, թիմ ու այդ թիմը պահելու հմտություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոցիոմետր կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, այս նախագահական ընտրություններում որոշ թեկնածուներ առաջադրել են իրենց թեկնածությունն առանց պատկերացնելու, ինչ է ընտրական գործընթացը և ընտրությունները, և դրանք նրանց համար վերածվել են «մութ սենյակում սև կատու որսալուն»:
«Արամ Հարությունյանը 2003թ.-ին մասնակցել է նախագահական ընտրություններին և հավաքել 1300 ձայն: Ինչքա՞ն լավատեսություն պետք է ունենաս, ինքնագնահատականդ ինչքան բարձր պետք է լինի, որ այսքան ձայներ ունենալով մասնակցես ընտրություններին:
Գաճաճ թեկնածուների առաջադրումը մանկամտության հետևանք է, տգիտության կամ հիվանդության, որ կարող ես ազգի փրկիչը դառնալ: Ընտրությունները վերելակ չէ, այլ աստիճան, որը պետք է կարողանաս հաղթահարել: Մարդիկ չեն պատկերացնում, ինչ է ընտրական գործընթացը, ընտրողներն ովքեր են, որ կարողանան այդ ուղղությամբ գնան»,-ասում է սոցիոլոգը:
Ադիբեկյանը նախագահական ընտրություններում լուրջ թեկնածուներ է համարում Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես չափավոր ընդդիմության ներկայացուցիչ, Հրանտ Բագրատյանին` ով ՀԱԿ-ի և ՀՀՇի ձայները կստանա: Իսկ Պարույր Հայրիկյանը հնարավոր է, որոշ մարդկանց հիշողության մեջ մնալու շնորհիվ որոշ վարկանիշ ունենա:
Ա.Ադիբեկյանը կարծում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեսականորեն հնարավոր է, երկրորդ փուլում Սերժ Սարգսյանի պարտությունը հնարավոր է, սակայն դա կյանքի բերելու համար պետք է ունենալ կարողություն, քարոզիչների մի մեծ բանակ:
Ադիբեկյանը նեղսրտած է Պարույր Հայրիկյանից, ով սոցիոլոգիական հարցումները քարոզչական նպատակ հետապնդող է անվանել. «Դա ասում է մի քաղաքական գործիչ, ով չունի ընտրական խոհանոցի պատկերացում, չգիտի, թե ինչ պետք է հագնի, ինչպես խոսի: Գաճաճ թեկնածուները PR խումբ ստեղծելու ոչ միջոցներ, ոչ էլ պատկերացում ունեն, դրա համար էլ այն անվանում են քարոզչական»: