Արման Մելիքյանը ԿԸՀ-ից պահանջում է հրապարակել ՀՀ-ից հեռացածների ցուցակները
15/01/2013 11:52

Արման Մելիքյանը ԿԸՀ-ից պահանջում է հրապարակել ՀՀ-ից հեռացածների ցուցակները

«Հայաստանում ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր: Գործող իշխանության հիմնական մրցակիցները հրաժարվեցին պայքարելուց, իսկ դաշտում մնացին երկրորդ էշելոնի քաղաքական գործիչներ՝ կուսակցապետեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին` ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Թեկնածուի կարծիքով, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ թեկնածուներից ոչ մեկը դեռևս չի ներկայացրել ընտրություններում հաղթելու սցենարը, սակայն իրենք գիտեն այդ սցենարը:

«Այսօր մենք հասել ենք վերջնագծին, երբ իշխանությունը շանս չտվեց այլ քաղաքական ուժերին հաջողություններ գրանցել և եթե իրավիճակը այսպես շարունակվի, մենք կունենանք մշուշոտ ապագայով պետություն»,-ասաց Ա. Մելիքյանը:

Նրա խոսքերով, իրենք հրաժարվում են իշխանություններին ինչ-որ բան ապացուցելու ավանդույթից:

«Մենք խնդիր ենք դրել ապահովելու ընտրություններին իրավաչափությունը, և ես այսօր նամակ են ստորագրում, որն ուղղում եմ ԿԸՀ նախագահին, որպեսզի նա հրապարակի Հայաստանից հեռացած քաղաքացիների ցուցակները, հրապարակեն տվյալներ, թե քանի մարդ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և ընդունել այլ երկրների քաղաքացիություն»,- ասում է բանախոսը, հավելելով, թե այդ քայլերը ձեռնարկում են` պարզելու համար, թե Հայաստանում ձայնի իրավունք ունեցող քանի քաղաքացի է մնացել:

Ա.Մելիքյանը ասում է, թե ընտրողների 35-40%-ը չեն գտնվում Հայաստանում, և եթե իշխանությունները չհրապարակեն Հայաստանից հեռացածների տվյալները, ապա իրենք 35-40% ձայներ կհանեն իշխանության գրանցած արդյունքներից:

«Եթե մենք տեղեկություններ ունենանք, որ զինվորներին ստիպում են քվեարկել գլխավոր հրամանատարի օգտին, ապա Սերժ Սարգսյանի ձայներից մենք կհանենք 100.000 ձայն»,-ասաց Մելիքյանը:
 

Արման Մելիքյանը ԿԸՀ-ից պահանջում է հրապարակել ՀՀ-ից հեռացածների ցուցակները