Քաղտեխնոլոգ. Այս ընտրությունները կեղծվելու են հօգուտ ընդդիմության
15/01/2013 13:36

Քաղտեխնոլոգ. Այս ընտրությունները կեղծվելու են հօգուտ ընդդիմության

Նախագահական ընտրություններն ավարտվեցին այն պահին, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իրենց թեկնածությունը չառաջադրեցին ընտրություններին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք  հայտնեց քաղաքական և ընտրական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանը: 

Քաղտեխնոլոգը կարծում է, որ իրականում իշխանությունները կցանկանային, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցեր ընտրություններին և պարտվեր, և ոչ թե ընտրություններից 2 ամիս առաջ կանխորոշված լիներ ելքը:

«Ընտրություններից հետո  Սերժ Սարգսյանի ազդեցությունը թուլանալու է, քանի որ նրան մնալու է հինգ տարի.... Եվ հենց այդ ժամանակ էլ  պայքարի մեջ կսկսեն մտնել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Հինգ տարի հետո մենք կտեսնենք իրական պայքար»,- ասաց նա: 

Փետրվարյան ընտրություններին, Ա. Բադալյանի խոսքերով,  տեղի է ունենալու նկարչություն. Նկարվելու է ընտրողների թիվը, քանի որ պակասելու է ընտրողների իրական թիվը. «Այս անգամ կեղծվելու է նույնիսկ ընդդիմադիր որևէ թեկնածուի  թվերը՝ երկրորդ տեղում կդարձնեն կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանին, կա՛մ Հրանտ Բագրատյանին, որպեսզի արևմուտքին ցույց տան, որ Հայաստանում մրցակցություն գոյություն ունի»:

Ասուլիսին մասնակից քաղաքագետ Գեղամ Նազարյանն էլ իր հերթին ասաց, թե փետրվարյան  ընտրություններն ամենախայտառակն են լինելու և նման են լինելու Թուրքմենստանի ընտրություններին, «երբ բոլորը գիտեն, որ սիրելի առաջնորդն է ընտրվելու»: 

 

Քաղտեխնոլոգ. Այս ընտրությունները կեղծվելու են հօգուտ ընդդիմության