Նախագահ. Հայաստանը մի երկիր է սփյուռքով, և բոլորովին այլ` առանց սփյուռքի
15/01/2013 17:37

Նախագահ. Հայաստանը մի երկիր է սփյուռքով, և բոլորովին այլ` առանց սփյուռքի

«Որպես խաղաղասեր, առաջադեմ և հեռատես ժողովուրդ, մենք գիտակցում ենք մեր տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը հարևանների հետ խաղաղ գոյակցելու և բնականոն զարգացման ճանապարհով ընթանալու համար: Հենց այս ամենի գիտակցմամբ էլ մենք նախաձեռնեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բոլորն են տեղյակ, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ այն, և ինչ պայմաններում Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից` շարունակելով զմռսված պահել Եվրոպայի միակ փակ սահմանը»,- այս մասին ՊՆ-ում կայացած ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարվել: Հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան ձգտում է հարևանների հետ բոլոր խնդիրները լուծել հարևանների հաշվին: Այսօր Թուրքիան արագ զարգացող և մեծ առաջընթաց արձանագրող պետություն է, բայց այդ ընթացքը միշտ թերի է լինելու, և կանխատեսելի է դրա դրամատիկ ընդհատումը, եթե Թուրքիայի իշխանությունը լրջորեն չվերանայի իր վերաբերմունքը իր պետության և ժողովրդի պատմությանը: Այն այսօր էլ լրջորեն վտանգված է, քանի որ Թուրքիան կրկնում է իր իսկ պատմության սխալները:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Թուրքիայի պարտքն է ցեղասպանության զոհերի, վերապրածների ու նրանց ժառանգների, համայն մարդկության, բայց առաջին հերթին՝ իր իսկ ժողովրդի առջև: Այսօր Թուրքիայի ժողովուրդը, թեև դանդաղ, բայց կասկածի տակ է դնում տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունների մատուցված շինծու վարկածը, իսկ թուրքական հասարակության առավել առաջադեմ ու համարձակ հատվածը բարձրաձայն խոսում է Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է երկրի ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության համար, Նախագահի խոսքով,  Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը սոսկ արդարության և արդարադատության պահանջ չէ կամ նախնիների առջև ունեցած բարոյական պարտքի կատարում, այն ունի նաև անվտանգության նշանակություն: 

«Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի և Ցեղասպանության հետևանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված:

Ես մշտապես շեշտել եմ, որ Հայաստանը մի երկիր է սփյուռքով, և բոլորովին այլ` առանց սփյուռքի: Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը չունեն և չեն կարող ունենալ առանձին շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, անկախ նրանից, թե հայն աշխարհի որ անկյունում է ապրում: Հետևաբար մեր գործողությունները նույնպես պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող»,- նշել է երկրի ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի հզորացման գրավականը, ինչպես ասել է Ս. Սարգսյանը,  մեր հավաքական ուժի մեջ է, որը կոփված է հայի դարավոր պատմական փորձով: «Հենց դրա գիտակցումով էր, որ բանակցային ողջ ընթացքում Թուրքիան փորձում էր կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու հայաստանցիները մի բան են ուզում, իսկ աշխարհասփյուռ հայությունը՝ այլ բան: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն իր երկրի թշնամի է համարում աշխարհասփյուռ հայությանը:

Մեր միասնականությունն ու համախմբվածությունն է նաև, որ հետ է պահում և վախեցնում է մեր հակառակորդներին: Կասկած չկա, որ Սփյուռքի հետ մեր աշխատանքը պետք է դառնա Հայաստանի անվտանգության և պաշտպանության օրակարգի անբաժան մաս: Սփյուռքի հայկական կառույցները, եկեղեցիները, մամուլը մոբիլիզացիոն և պաշտպանական կարևորագույն գործոններ են մեր զինանոցում: Սփյուռքը դա մեկ անգամ չէ ապացուցել, և վստահ եմ, պետք եղած դեպքում չի վարանի ապացուցելու նորից:

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր ուրույն մարտահրավերներն ու փորձությունները: Մարտահրավերների համարժեք և ժամանակին լուծումը էականորեն է ազդում ժողովրդի և պետության կենսունակության, նրանց զարգացման և ապագայի վրա: Մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայման և հաղթահարման առաջնային նախապայմաններից պետք է լինեն համահայկական բարոյակերտ արժեհամակարգի պահպանումն ու վերարտադրումը, Հայրենիք-Սփյուռք գործակցության առավել ամրապնդման համար համապատասխան ինստիտուտների բազմազանեցումն ու արդիականացումը, կարևորագույն խնդիրների լուծման համար ջանքերի և ռեսուրսների համադրումը»,- եզրափակել է ՀՀ Նախագահ Սարգսյանը:

 

Նախագահ. Հայաստանը մի երկիր է սփյուռքով, և բոլորովին այլ` առանց սփյուռքի