.jpg)
Նախագահի նախկին թեկնածուն հետախուզվում է
2013 թ.-ի նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռոբերտ Ահարոնյանը հետախուզվում է ԴԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից: Այս մասին գրում է Panorama.am-ը:
Datalex-ից տեղեկանում ենք, որ հայցադիմումը մուտք է եղել դատարան 2010թ.-ի հունվարի 13-ին: «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲ ընկերությունը, դիմելով դատարան, խնդրել է պատասխանողներ Ռոբերտ Ահարոնյանից և Աշոտ Թումանյանից հօգուտ իրեն բռնագանձել 104990.30 դրամ, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողներին վճարել վարկի պարտքի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները և տույժերը` վարկային պայմանագրով սահմանված դրույքաչափերով` բռնագանձումը տարածելով պատասխանողներին պատկանող գույքի` այդ թվում նաև գրավադրված գույքի վրա:
Գործի նյութերով հիմնավորվել է, որ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲ ընկերության և Ռոբերտ Ահարոնյանի միջև 10.09.2008թ.-ին կնքված թիվ 1.356 վարկային պայմանագրով պատասխանողին տրամադրվել է 350000 դրամ վարկ` տարեկան 22% տոկոսադրույքով, որի վերադարձման վերջնական ժամկետը սահմանվել է մինչև 2009թ.-ի ապրիլի 10-ը: Նշված պայմանագրին կից հավելվածով կողմերի միջև սահմանվել է վարկի մարման ժամանակացույց, որի համաձայն վարկի մարմանն ուղղված ամսեկան վճարման չափը` ըստ մարման ժամանակահատվածների հաշվեգրվող տոկոսների հետ միասին կազմել է 53735 դրամ:
«Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կողմից դատարան ներկայացված պարտքի հաշվարկի վերաբերյալ տեղեկանքի հետազոտմամբ պարզվել է, որ 25.12.2009թ.-ի դրությամբ պատասխանողների պարտքը հայցվոր ընկերության հանդեպ կազմել է 102890.30 դրամ, որից 72153.10 դրամը` վարկի գումարի մնացորդը և 30737.20 դրամը` հաշվարկված տույժերի գումարը:
Պատասխանող Ռոբերտ Ահարոնյանը պատշաճ չի կատարել վարկային պայմանագրից բխող իր պարտականությունները` սահմանված ժամկետում չի վճարել վարկի հերթական մարման գումարը, տոկոսագումարը և տույժերը, որի կապակցությամբ բանկը 15.12.2008թ.-ին և 22.01.2009թ.-ին պատասխանող Ռոբերտ Ահարոնյանին գրավոր ձևով նախազգուշացրել և պահանջել է մարել վարկի գումարը:
Պատասխանողներ Ռոբերտ Ահարոնյանը և Աշոտ Թումանյանը, պատշաճ տեղեկացված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, չեն ներկայացել դատարան և չեն հայտնել պատճառների մասին, ուստի դատարանը գործը քննել է պատասխանողների բացակայությամբ:
Դատարանը վճռել է հայցն ընդդեմ Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանի և Աշոտ Հովհաննեսի Թումանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել, Ռոբերտ Ահարոնյանից և Աշոտ Թումանյանից համապարտության կարգով հօգուտ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 104990.30 /հարյուր չորս հազար ինը հարյուր իննսուն/ դրամ, որից 72153.10 դրամը` վարկի գումարի մնացորդը, 30737.20 դրամը` հաշվարկված տույժերի գումարը և 2100 դրամը` հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` բռնագանձումը տարածելով պատասխանողներին պատկանող գույքի` այդ թվում նաև գրավադրված գույքի վրա:
Ռ. Ահարոնյանի լիազորված անձ Նարեկ Վարազդատյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Ռ.Ահարոնյանը երբևէ հետախուզման մեջ չի եղել, և այս դատական գործընթացում ներգրավված չի եղել:
«Սա ապատեղեկատվություն է: Երևի ինչ-որ մեկի հետ շփոթում եք: Նման մի ապատեղեկատվություն էր տարածել նաև Ռուբիկ Թովմասյանը, ով, երևի, բժիշկների օգնության կարիք ունի: Ամբողջը ապատեղեկատվություն է իշխանությունների կողմից: Մեր դիրքորոշումը կհայտնենք մինչև փետրվարի 18-ը, և մեր պայքարը մի նախագահական ընտրություններով չի ավարտվում»,- ասաց նա:
Հ.Գ. ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված տվյալներով գրանցված է միայն մեկ անձ: