«Երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ»
15/01/2013 16:38

«Երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ»

«Մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձևակերպումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու ինքնորոշման իրավունքն օրենքի շրջանակներում իրացրած և հետո անհավասար պայքարում պաշտպանած ժողովուրդը պետք է երբևէ Ադրբեջանի մաս կազմի: Ինչո՞ւ պետք է այդ ժողովրդի ճակատագիրը պայմանավորվի ժամանակին Ստալինի կողմից կատարված ապօրինությամբ»,- ՊՆ-ում կայացած ընդլայնված նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:

«Մեր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում այդ հարցում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանը բացեիբաց խախտում է զինադադարի պայմանները, շփման գծում պարբերաբար զինվորներ են զոհվում, որոնց արյունը Ադրբեջանի իշխանությունների վրա է:

Օրեր անց նշելու ենք Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Բայց դա ընդամենը շարժման նորօրյա փուլի սկիզբն էր: Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի համակերպվել Ստալինի դաված ապօրինությանը, ղարաբաղցին երբեք իրեն չի համարել Ադրբեջանի քաղաքացի, երբեք չի համակերպվել Ադրբեջանին բռնակցվելու որոշմանը:

19 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով կնքված եռակողմ զինադադարն ամրագրեց հայկական ինքնապաշտպանության հաղթանակը: Այսօր Ադրբեջանում շատերն են մոռանում «Լեռնային Ղարաբաղի հարգարժան իշխանություններին» իրենց նախկին ղեկավարների ուղղած հրադադարի միջնորդությունը: Նախորդ պատերազմի զրկանքներից ծնողների փեշի տակ թաքնված երիտասարդներն այսօր նախընտրում են չհիշել պատմության այդ էջերը:

Անտեսելով զինադադարի մասին եռակողմ համաձայնությունը, Ադրբեջանը մինչ օրս չի դադարում գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության սահմանները: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մերժում են միջնորդների` դիպուկահարներին շփման գծից հեռացնելու և միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու առաջարկները, նույնիսկ հրաժարվում են մեկ տարի առաջ Սոչիում իրենց իսկ կողմից ստորագրված հայտարարությամբ ստանձնած վստահության ամրապնդման միջոցառումներն իրագործելուց:

Ռազմատենչ հռետորաբանությունը և ադրբեջանական հասարակությունում հայատյացության սերմանումն իրական պատուհաս է դարձել մեր տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկրում մի ողջ սերունդ է մեծանում՝ լի մեր ժողովրդի հանդեպ չարությամբ և ատելությամբ: Ինչպե՞ս որակել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Բայց մեկ բան հստակ է` այն քարոզչական քաղաքականությունը, որն Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են սեփական ժողովրդի հանդեպ, ուղղակի հրեշավոր է: Որպես արդյունք, Ադրբեջանի ժողովուրդը երկար ժամանակ դեռ պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել:

Առօրեական է դարձել պատմության բացահայտ և ցինիկ կեղծումը: Ընդամենը օրեր առաջ մեր հարևան պետության ղեկավարը Սումգայիթում ամենայն լրջությամբ հերթական անգամ կրկնում էր, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջացել է ադրբեջանական հողերի վրա, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է, և իր նախնիները մեծ սխալ են գործել այն «նվիրելով» հայերին: Գուցե կարելի կլիներ այդ ամենին որպես զավեշտի մոտենալ, եթե չլիներ ողբերգական ասոցիացիան: Քառորդ դար է բաժանում Իլհամ Ալիևին ադրբեջանցի այն բաշիբոզուկներից, որոնք Խորհրդային Ադրբեջանի ղեկավարների ծածուկ աջակցությամբ նույնաբովանդակ ելույթներով սադրում էին գազազած ամբոխին՝ սպանել, այրել ու ոչնչացնել հայերին:

Օրինաչափ է, որ պետության այդպիսի ղեկավարը արդարացնում և հերոսացնում է քնածին կացնահարող տականքին: Մի բան, որ խայտառակություն կհամարվեր իրեն հարգող որևէ բանակի սպայական ողջ անձնակազմի համար:

 

Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի հավասարաչափ և ներդաշնակ զարգացման մասին, ելակետային է այն նախադրյալը, որ տարածաշրջանի բոլոր պետություններն էլ կիսում են նույն արժեքային համակարգը և ունեն պետականաշինության նույն նկրտումներն ու զարգացման նույն նպատակները: Հենց նման պայմաններում է հաջողված պատմություն դարձել եվրոպական ինտեգրացիան, նման պայմաններում են այսօր ստեղծվում և զարգանում տարածաշրջանային մի շարք կառույցներ հետխորհրդային տարածքում, Հարավային Ամերիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Աֆրիկայում:

Այս համատեքստում Հարավային Կովկասը կարող էր իդեալական գործակցության մոդել լինել: Սակայն երբ հարևանդ ապրում է այլ, քոնին ճիշտ հակառակ արժեհամակարգում, դա անվտանգության լուրջ սպառնալիք է պետության համար:

Մենք պետք է ամեն օր, ամեն պահ պատրաստ լինենք պատերազմ քարոզող ռեժիմի կողմից նոր ռազմական արկածախնդրության: Կարծում եմ՝ մեր հարևաններն ըմբռնում են, որ պատերազմը որքան կործանարար կլինի Հայաստանի, նույնքան էլ, եթե ոչ ավելի` Ադրբեջանի համար: Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանի այսօրվա ղեկավարները մտահոգ են իրենց ժողովրդի ճակատագրով: Նրանք պատրաստ կլինեն վերսկսել պատերազմը, եթե համարեն, որ ունեն բացարձակ առավելություն Հայաստանի նկատմամբ կամ եթե դա անհրաժեշտ լինի ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար:

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն՝ մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլևս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է:

Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական:

Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները համընկնում են միջազգային հանրության պատկերացումների հետ, ինչն անշուշտ խոսում է այն մասին, որ մենք ընկալելի ու կանխատեսելի գործընկեր ենք բոլորի համար: Մեր մոտեցումները բանական են ու հավասարակշռված, իսկ որ ամենակարևորն է՝ հաշվի են առնում»:
 

Նախորդող հրապարակում՝ «Առաջնահերթ խնդիրներից է ԶՈՒ-ն ժամանակակից ռազմական տեխնիկայով համալրելը»
 
ՀՀ Նախագահը ՊՆ-ում մասնակցել է ընդլայնված կազմով նիստին
 

«Երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ»