.jpg)
Նախագահ. Անկայունությունը Մերձավոր Արևելքում` լուրջ մարտահրավեր ՀՀ-ի համար
Անկայունությունը Մերձավոր Արևելքում լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար: Այսօր անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` պաշտպանության նախարարությունում անցկացված ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Դա պայմանավորված չէ միմիայն մերձավորարևելյան երկրներում հայկական սփյուռքի առկայությամբ, թեև դա, իհարկե, էական գործոն է: Մերձավոր Արևելքը մշտապես եղել է համաշխարհային քաղաքականության հիմնական կենտրոններից թե՛ ռազմավարական ու քաղաքական, թե՛ քաղաքակրթական, մշակութային-կրոնական առումներով, իսկ Հայաստանի համար բազում առանցքային իրադարձություններ անմիջականորեն կապված են եղել մերձավորարևելյան գործընթացների հետ:
Արդեն երկու տարի մերձավորարևելյան մի շարք երկրներում տիրող քաղաքական, տնտեսական և հումանիտար առումներով հաճախ ճգնաժամային իրադրությունը շարունակում է ահագնանալ՝ կրելով առավել վտանգավոր փոխակերպումներ և սպառնալիքներ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տիրույթում: Երկու տարիների դինամիկան ցույց տվեց, որ գործընթացը հաճախ ենթակա չէ վերահսկողության ոչ միայն ներպետական, այլև, շատ դեպքերում, միջազգային մակարդակում: Սիրիայի ողբերգական զարգացումները վերոնշյալի ապացույցն են: Տասնյակ հազարավոր անմեղ մարդկային զոհերի, հարյուր հազարավոր գաղթականների առկայության փաստը, և այդ ֆոնին հակամարտության կարգավորման տեսլականի բացակայությունը խորը մտահոգության առիթ են տալիս: Մենք բազմիցս նշել ենք, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում սիրիահայության առջև ծառացող խնդիրները: Ցավոք սրտի, վերջին շրջանում նկատելիորեն աճել է զոհերի ու վիրավորների թիվը, այրվել է Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, վնասվել են բազմաթիվ հայկական հաստատություններ: Ներկայումս Հայաստանում ապաստան են գտել շուրջ 6000 սիրիահայեր, որոնց զգալի մասը ձեռք է բերել նաև Հայաստանի քաղաքացիություն: Նրանց շատ խնդիրներ՝ հիմնականում սոցիալական բնույթի, պահանջում են հրատապ լուծումներ: Մինչ օրս մեր ձեռնարկած քայլերն ուղղված են եղել սիրիահայ մեր եղբայրների և քույրերի կարիքների ապահովմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում:
Հարգելի՛ գործընկերներ,
21-րդ դարի միջազգային համակարգի կարևոր օրինաչափություններից են համաշխարհայնացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան: Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ինտեգրացիոն տարբեր ձևաչափերի ակտիվ մասնակից՝ դրանում առաջին հերթին առաջնորդվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական շահերով: Այդ իսկ պատճառով, մենք որդեգրել ենք համագործակցային և հավասարակշռված քաղաքականություն` գործընկերային հարաբերություններ զարգացնելով Հայաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված բոլոր պետությունների հետ:
Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցք շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Այս համատեքստում մենք չափազանց կարևոր դեր ենք հատկացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մեր անդամակցությանը: Ունենալով ծանրակշիռ ներդրում այդ կառույցի կայացման գործում և վստահելով մեր ազգային անվտանգության ապահովման որոշակի չափաբաժին այդ համակարգին՝ մենք այն համարում ենք մեր պետության անվտանգության իրական երաշխիք: Նաև այդ առումով եմ կարևորում «Փոխգործակցություն–2012» համատեղ զորավարժության արդյունավետ կազմակերպումն ու անցկացումը որպես մեր դաշնակցային պարտավորությունների կարևոր բաղադրիչ:
Միևնույն ժամանակ, մենք սերտ և թափանցիկ համագործակցություն ենք ծավալում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` ձգտելով կիրառել վերջինիս լավագույն փորձը մեր զինված ուժերի զարգացման գործում: Հայ խաղաղապահները շարունակում են իրենց արժանապատիվ մասնակցությունը բերել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում»,- ասել է ՀՀ Նախագահը: