«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում մատուռ է օծվել
15/01/2013 19:35

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում մատուռ է օծվել

Հունվարի 14-ին արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց մատուռը:

Օծման արարողությանը ներկա են եղել ՔԿՀ-ների հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը, Գևորգ սարկավագ Ալավերդյանը, Հրաչյա սարկավագ Ղազարյանը, ՀՀ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:

Օծվել են նաև դատապարտյալների կառուցած մատուռի սրբապատկերները, որոնք նույնպես նրանց ձեռքի աշխատանքներն են: Օծման արարողությունից հետո դատապարտյալները վառելով մոմերը իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված:

Արտակ Սրբազանը հույս է հայտնել, որ մատուռի առկայությունը հիմնարկում կնպաստի աղոթքների միջոցով Աստծուն էլ ավելի մոտենալուն:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ օծման արարողության կապակցությամբ դատապարտյալներին մատաղ է մատուցվել: