.jpg)
Իրանը փորձում է Ալի Խամենեի ֆեթվան ներկայացնել որպես միջազգային փաստաթուղթ
«Նախօրեին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեհմանպարաստը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով առաջիկայում Իրանի և «5+1» խմբի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին հիշեցրել էր Իրանի հոգևոր առաջնորդի տարիներ առաջ հրապարակված ֆեթվայի մասին, որով արգելվում է զանգվածային ոչնչացման միջոցների ստեղծումը և կիրառումը Իրանի կողմից»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի Իրանի կողմից ատոմային զենք ստեղծելը արգելող հրամանին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա նշեց, որ Իրանը Արևմուտքի հետ բանակցություններում միշտ շեշտում է Ալի Խամենեի այդ հրովարտակի, ֆեթվայի առկայության հանգամանքը որպես բանակցություններում հաղթաթուղթ:
«Իրանը հայտարարում է, որ իրենք Իրանի հոգևոր առաջնորդի, գլխավոր հրամանատարի մակարդակով հայտարարում են, որ դեմ են միջուկային զենքի տարածմանը»,- ասաց իրանագետը:
Ըստ նրա՝ Իրանը առաջին երկիրն է Մերձավոր Արևելքում, որ հանդես է եկել միջուկային զենքի չտարածման օգտին:
«Իրանը զանգվածային զենքի չտարածման պայմանագրի անդամ է, Թեհրանը ստորագրել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը և կատարում է իր պարտականությունները»,- նշեց Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը ունի քաղաքական բնույթ և չի հետապնդում ռազմական նպատակներ ու ատոմային զենք ստեղծելու մտադրություն:
Բանախոսը ասաց, որ Իրանի հոգևոր առաջնորդի ֆեթվաները, հրովարտակները պարտադիր են կատարման Իրանի բոլոր պաշտոնյաների համար, քանի որ Իրանի սահմանադրությունը հիմնվում է շարիաթի օրենքների վրա:
«Իրանը փորձում է Ալի Խամենեի ֆեթվան ներկայացնել որպես միջազգային փաստաթուղթ»,- հավելեց Ա. Իսրայելյանը: