.jpg)
ԶԼՄ-ներում հիշատակումների հաճախականությամբ առաջատարը Սերժ Սարգսյանն է
«Ավանդաբար Հայաստանում հետաքրքրությունը նախագահական ընտրությունների նկատմամբ սկսում է պաշտոնական քարոզարշավի մեկնարկից շատ ավելի վաղ, այդ իսկ պատճառով մենք մշտադիտարկումը սկսել ենք հոկտեմբերի 1-ից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2012թ.-ի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2013թ.-ի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ ԶԼՄ-ները ոչ մի թեկնածուի նկատմամբ կանխակալ վերաբերմունք, խտրականություն չեն դրսևորել և դա նրանք ֆիքսել են իրենց մշտադիտարկման արդյունքում:
«Լրատվամիջոցներում հիշատակումների հաճախականությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում առաջինն է, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 4-րդը, իսկ Հրանտ Բագրատյանը՝ 19-րդը»,-ասաց Բ.Նավասարդյանը:
Մշտադիտարկման են ենթարկվել համազգային 6 հեռուստաալիք՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Արմենիան, Երկիր Մեդիան, Կենտրոնը, Շանթը, Արմնյուզը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը:
Բ.Նավասարդյանն ասաց, որ հեռարձակվողների կողմից հնարավոր թեկնածուներին հատկացված ուշադրության մեծ մասը բաժին է ընկել նրանց, ովքեր հետագայում չեն առաջադրվել:
«Հնարավոր թեկնածուների նկատմամբ ամենամեծ ուշադրությունը դարձրել է «Արմնյուզ» հեռուստաալիքը, որին հաջորդում են Հանրային ռադիոն և «Արմռադիոն»»,-նշեց բանախոսը:
Հայաստանյան հեռարձակողների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև 5 քաղաքական կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը:
«Առաջատար 5 կուսակցությունների նկատմամբ ուշադրության բաշխումը կարելի է բնորոշել որպես հարաբերականորեն հավասարաչափ»,- ասաց Բ.Նավասարդյանը: