.jpg)
Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ առաջարկել է զերծ մնալ ատոմային զենքից
Իրանը Մերձավոր Արևելքում առաջին երկիրն է, որ առաջարկել է զերծ մնալ միջուկային զենքից: Այս մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և այդ առնչությամբ Արևմուտքի հայտանած մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Իրանի ԱԳ նախարարն առաջարկել է, որ միջուկային զենքի վերաբերյալ ԻԻՀ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան միջազգային փաստաթղթի կարգավիճակ ստանա:
Արևմուտքը պետք է այն հանգամանքի վրա ուշադրություն դարձնի, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է զանգավածային ոչնչացման ցանկածած դրսևորմանը: Իրանը Մերձավոր Արևելքում առաջին երկիրն է, որ առաջարկել է զերծ մնալ միջուկային զենքից»:
Հավելենք, որ մի քանի տարի առաջ ԻԻՀ ԶՈւ գերագույն հրամանատար, երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը և Իրանն այդ փաստարկն օգտագործում է Արևմուտքի հետ բանակցություններում: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ «5+1 խումբը» հարգի և պաշտոնապես ճանաչի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և միջազգային նորմերով նախատեսված Իրանի իրավունքը: