«Օբամային հասցեագրված նամակը ցույց է տալիս Թուրքիայում առկա խնդիրները»
16/01/2013 21:47

«Օբամային հասցեագրված նամակը ցույց է տալիս Թուրքիայում առկա խնդիրները»

Հեղինակավոր իրավապաշտպան ու հետազոտական «Արտաքին քաղաքականության նախաձեռնություն», «Ֆրիդոմ հաուս», «Մերձավոր Արևելքի ժողովրդավարության» նախագիծ և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով քաղաքական ու խոսքի ազատությունները առաջնահերթ համարել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ իր հարաբերություններում: Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

«Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան և ամերիկյան քաղաքացիական-hետազոտական կազմակերպությունների կողմից Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի ազատության ու քաղաքական իրավունքների վատթար վիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Օբամային գրված բաց նամակը նման է ահազանգի և կարող է ունենալ նաև քաղաքական ենթատեքստ:

Պարբերաբար նման կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում նշվում և քննադատվում էր Թուրքիայում մարդու իրավունքների ու խոսքի ազատության վատթար վիճակը, սակայն մի քանի կազմակերպությունների կողմից ստորագրված բաց նամակով ԱՄՆ-ի նախագահին դիմելը արդեն ավելի լուրջ բնույթ է կրում, և անշուշտ դա կդառնա երկու երկրների միջև քննարկման լուրջ թեմա:

«Բացի այդ, նման նամակի հասցեագրումն ԱՄՆ նախագահին ցույց է տալիս այդ երկրում առկա բավական խնդրահարույց միտումները և նշվում, որ իրավիճակն այդ առումով ավելի է վատթարանում: Նամակի բովանդակությունից տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակի համար պատասխանատուն Թուրքիայի վարչապետ Էրդողանն է և կարծես շեշտադրումներն արվում էին հենց նրա անձի վրա»,- նշեց Հովսեփյանը:

Վերջին զեկույցները և բավական քննադատորեն գրված նամակը լուրջ հարված են տարածաշրջանում ժողովրդավարության պիտակով հանդես եկող ու հատկապես արաբական երկրների համար որպես ժողովրդավարության մոդել ներկայացվող Թուրքիայի համար: Թուրքիայում վիճակը բավական բարդ է մարդու իրավունքների, խոսքի ազատության ու փոքրամասնությունների իրավունքների առումով:

Հարկ է, օրինակ, նշել, որ Թուրքիան ձերբակալված լրագրողների թվով աշխարհում առաջատարներից է: Թուրքիայում բանտարկված լրագրողների թիվը 2012 թ. զգալիորեն աճել էր նախորդ տարիների համեմատությամբ՝ հասնելով 95-ի: Եվ դրա մասին բարձրաձայնեցին միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և հատկապես ԵԱՀԿ-ն իր զեկույցում: Եվ բոլոր իրավապաշըպան զեկույցներում դա լուրջ քննադատության էր ենթարկվում»,-հավելեց Լևոն Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Հավասարակշռության մեջ ժողովրդավարության նվաճումները» վերնագրով 2013թ. զեկույցը, ըստ որի՝ Թուրքիան մասամբ ազատ երկրների թվում է` քաղաքական իրավունքների առումով` 3 միավոր, քաղաքացիական ազատությունների՝ 4 միավոր, այդ առումով Թուրքիան հետընթաց է գրանցել: