«Բագրատյանը ՀԱԿ-ի կազմաքանդմանը զուգահեռ փորձում է ընտրազանգված շահել»
16/01/2013 14:40

«Բագրատյանը ՀԱԿ-ի կազմաքանդմանը զուգահեռ փորձում է ընտրազանգված շահել»

«Այս ընտրություններին ընդառաջ` գլխավոր կռիվը գնում է ԲՀԿ ընտրազանգվածի համար, որը թեկնածուին կարող է զգալի առավելություն տալ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Ժառանգության ներկայացուցիչները հաճախ են նշում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր մրցակիցը գործող Նախագահ Սերժ Սարգսյանն է:

Սաֆարյանը փորձեց պարզաբանել, թե ինչ դեր ունի այս պայքարում Հրանտ Բագրատյանը. «Մի բան կարող եմ ասել. Բագրատյանն ընդդիմադիր թեկնածու է, և ես չեմ ցանկանում ընդդիմադիր մի թեկնածուին մյուսին մրցակից դարձնել»:

Սաֆարյանի կարծիքով՝ Բագրատյանն այսօր փորձում է ՀԱԿ-ի կազմաքանդմանը զուգահեռ որոշակի ընտրազանգված շահել, իսկ ըստ Սաֆարյանի, ՀԱԿ-ի թուլացումն ակնհայտ է:

Ինչ վերաբերում է առաջադրված մյուս թեկնածուներին, ապա Սաֆարյանի կարծիքով, անգամ առաջին հայացքից ակնհայտ է, թե ինչու է առաջադրվել, ասենք, էպոսագետը.

«Եկեք հասկանանք, թե ինչու էպոսագետը իր առաջին ելույթներում իսկ սկսեց հեգնել Հովհաննիսյանին և 8 մլն ընտրագրավ առաջարկեց: Միանգամից պարզ է, թե դրանով նա ում է ծառայություն մատուցում»:

Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանին, ապա Սաֆարյանն ասաց, որ լուրջ չի կարող համարել այն թեկնածուին, ով քաղաքականությամբ 5 տարին մեկ է զբաղվում:

«էլի լավ ենք հիշում, թե նախկին նախագահներից ում օրով Հարությունյանը ինչ էր անում: Իմ կարծիքով՝ Քոչարյանն այս ընտրություններին զրկվեց ավելի ազդեցիկ խաղացողով ներկայանալուց և նրա ներկայացուցիչը հենց Արամ Հարությունյանն է»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա կարծիքով, եթե որոշ թեկնածուներ 8 մլն ընտրագրավը նվիրեին ասենք որևէ համայնքի կամ առհասարակ որպես բարեգործություն բաժանեին՝ կաստվածանային, բայց նրանք նման բան չեն անում, քանի որ պատվեր են կատարում:

«Ընտրողը կարող է թերագնահատել խորհրդարանական մեկ մանդատը և դրան պատշաճ կարևորությամբ չվերաբերել, բայց նույն ընտրողը գիտի, որ այս երկրում հարց լուծողը մեկ մարդ է և այդ մարդը նախագահն է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը: