TurkPa-ն թուրք-ադրբեջանական  պանթուրքիստական ծրագրերի համար նոր հարթակ է
16/01/2013 21:15

TurkPa-ն թուրք-ադրբեջանական պանթուրքիստական ծրագրերի համար նոր հարթակ է

Թուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի`TurkPa-ի մեջ են մտնում 4 երկրներ` Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Պաշտոնապես այդ կազմակերպության նպատակն է թուրքախոս երկրների միջև հարաբերությունների խորացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

TurkPa-ի մեջ առաջնային դիրք է զբաղեցնում Թուրքիան, որը ԽՍՀՄ փլուզումից հետո փորձում է վերականգնել իր ազդեցությունը թուրքախոս պետություններում, օգտագործելով թուրքախոս երկրների հետ ընդհանուր լեզվի, կրոնի, ծագման ընդհանրությունները, դրան զուգահեռ ակտիվացնելով առևտրա-տնտեսական կապերը վերոնշյալ երկրների հետ:

Թուրքիան այդ կազմակերպությունը, հարթակը օգտագործելով նոր լիցք է փորձում է հաղորդել դարեր ի վեր թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություն համարվող և երբեք իր ակտուալությունը չկորցնող պանթուրքական`թուրքախոս երկրների համախմբման քաղաքականությանը և ռազմավարությանը:

Թուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի մեջ մտնող երկրներից յուրաքանչյուրի հետ Անկարան կառուցում է բազմաշերտ հարաբերություններ`թուրքական գործոնը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ամրապնդելու ենթատեքստում:
Այսպես, թուրք-ադրբեջանական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ` Անկարա-Բաքու տանդեմի գործունեության կարևորագույն համախմբող տարրերից է հակահայկականությունը, Հայաստանի մեկուսուացումը Հարավային Կովկասում, ինչպես նաև հայկական սփյուռքի դեմ պայքարը աշխարհի ցանկացած անկյունում:

Թուրքիան առևտրա-տնտեսական, էներգետիկ-կոմունիկացիոն կապերով սերտորեն կապված է Ադրբեջանի հետ և դիտարկում է այդ երկիրը որպես պատուհան կամ պլացդարմը`Կենտրոնական Ասիայի երկրներում Անկարայի ազդեցության ամրապնդման և այդ երկրները դեպի Թուրքիա ուղղորդելու նպատակով:

Մեկ ազգ-երկու պետություն բանաձևով առաջնորդվող Թուրքիան և Ադրբեջանը փոխհամաձայնեցված քաղաքականություն են վարում նաև Կենտրոնական Ասիայի երկրների, մասնավորապես TurkPa-ի անդամներ`Ղազախստանի և Ղրղզստանի նկատմամբ:
Թուրքիայի և Ղազախստանի հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են բոլոր ոլորտներում` 2009թ.-ին Անկարայի և Աստանայի միջև ստորագրվեց ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

Երկկողմ առևտրա-տնտեսական շրջանառությունը հասնում է 4 միլիարդ դոլարի և կողմերը հայտարարում են այդ թիվը 10 միլիարդ դոլարի հասցնելու քաղաքական կամքի առկայության մասին: 

2012թ.-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Թուրքիա կատարած այցի շրջանակներում թուրքական կողմի հետ ստորագրվեց 1 միլիարդ դոլարի 15 համատեղ ծրագրեր իրականացնելու համաձայնագրերը:

Ղազախական և թուրքական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության մասին: 

Թուրքիան շահագրգված է Ղազախստանի խոշոր նավթագազային պաշարներով, որոնք Անկարան փորձում է ուղղել դեպի ադրբեջանական նավթային և գազային առկա խողովակաշարար`Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում ղազախական էներգակիրները Եվրոպա արտահանելու համար:

Այդ քաղաքականությունը Թուրքիան իրականացնում է Արևմուտքի դրդմամբ, որոնք ցանկանում են ներկրել, շահագործել Կենտրոնական Ասիայի էներգակիրները շրջանցելով Ռուսաստանի տարածքը` Արևելք-Արևմուտք էներգետիկ-կոմունիկացիոն միջանցքի ստեղծման քաղաքականության ենթատեքստում:

Թուրքիայի և Ղրղզստանի հարաբերությունները նույնպես զարգացում են ապրում, սակայն ղրղզական գործոնը այդքան էլ ծանրակշիռ չէ Կենտրոնական Ասիայում, ինչը չի կարելի ասել Ղազախստանի մասին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011թ.-ին այցելել էր Բիշքեք և հանդիպել Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթանբաևի հետ:

Էրդողանը Բիշքեքում հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է կիսվել ժողովրդավարացման իր փորձով եղբայր ղրղզ ժողովրդի հետ:

Երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է 160 միլիոն դոլար, իսկ 2 երկրների միջև վերացվել է վիզային ռեժիմը`բիզնես կապերը ամրապնդելու նպատակով: 

Ղրղզական կողմը ցանկություն է հայտնել զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ նաև ռազմական ոլորտում:
Ղրղզստանի պաշտպանության նախարար Տալայբեկ Օմուրալիևը թուրք իր գործընկերոջ Իսմեթ Յըլմազի հետ հանդիպմանն հայտարարել է, որ իրենք ցանկանում են զարգացնել ղրղզա-թուրքական հարաբերությունները պաշտպանական ոլորտում: 

Այսպիսով, Թուրքիայի ձգտումները իր շուրջ համախմբել թուրքախոս երկրներին և դրանով իսկ ստեղծել թուրքական կենսական շահերի տարածք, ազդեցության գոտի շարունակվելու է և Անկարան ֆինանսական, դիվանագիտական և կազմակերպչական նորանոր ջանքեր է գործադրելու այդ ուղղությամբ:

Վերջին այդպիսի նախաձեռնություններից է թուրքախոս երկրների համար միասնական այբուբենի ստեղծման և միացյալ դրոշ ունենալու գաղափարները:

Թուրքական նկռտումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրներում հանդիպելու են այդ տարածաշրջաններում իրենց շահերը ունեցող երկրների`Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ակտիվ դիմադրությանը, քանի որ պանթուրքիստական քաղաքականությունը կարող է հանգեցնել լարվածության և անջատողական տրամադրությունների աճին Ռուսաստանի թուրքախոս շրջաններում, Չինաստանի Սինցձյան-Ույգուրական Ինքնավար շրջանում և Իրանի հյուսիսային նահանգներում:

 

TurkPa-ն թուրք-ադրբեջանական պանթուրքիստական ծրագրերի համար նոր հարթակ է