Ադրբեջան. Պատգամավորները պահանջում են հետաքննել Մեհտիևի գործը
17/01/2013 19:57

Ադրբեջան. Պատգամավորները պահանջում են հետաքննել Մեհտիևի գործը

1990-1995 թ գումարման Միլի Մեջլիսի` Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները մեղադրել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիլ Մեհտիևին իրենց նախկին կուսակցական գործընկերների նկատմամբ անձնական հաշվեհարդար տեսնելու մեջ: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր 80-ականների վերջում հեռացրել էին Մեհտիևին Ադրբեջանի կոմկուսի` կենտրոնական կոմիտեի գաղափարական գծով քարտուղարի պաշտոնից: Նա պաշտոնից հեռացվել էր կադրային քաղաքականության մեջ խարդախության և մերձավորներին պաշտոնների նշանակման համար:

Նախկին պատգամավորները կարծում են, որ հենց Մեհտիևն է խոչընդոտում կենսաթոշակների ստացման գործընթացը: Այդ  կենսաթոշակը տրվում է Միլի Մեջլիսի նախորդ գումարման բոլոր պատգամավորներին և այն կազմում է 1000 մանաթ (1200 դոլար):

Երեքշաբթի օրը նախկին պատգամավորներն իրենց հավաքի ժամանակ կոչ են արել մանրակրկիտ ուսումասիրություն և քննություն անցկացնել այն մեղադրանքների կապակցությամբ, որոնք հնչել են Մեհտիևի հասցեին «Գյուլարգեյտ» կոռուպցիոն սկանդալի ժամանակ:

Պատգամավորներից մեկը նշել է, որ Մեհտիևի գործերի մանրամասն ուսումնասիրությունը կարող է բացահայտել այն ամենը, ինչը վերջինս կարողացել էր թաքցնել իր բարձր պաշտոնի շնորհիվ:

 

Ադրբեջան. Պատգամավորները պահանջում են հետաքննել Մեհտիևի գործը