Նախընտրական քարոզչությունն էկրանից այն կողմ. Մաս 2
17/01/2013 18:37

Նախընտրական քարոզչությունն էկրանից այն կողմ. Մաս 2

Լրատվության տարածման յուրաքանչյուր միջոց` հեռուստատեսությունը, ռադիոն, թերթերն ու համացանցը, ունի իր հստակ լսարանը: Թեկնածուներից և ոչ մեկը չի ցանկանա կորցնել այս լսարաններից որևէ մեկը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ից առաջադրված, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ևս աշխատելու է բոլոր լսարանների համար.

«Գործող Նախագահի նախընտրական շտաբը պատրաստվում է օգտվել 21-րդ դարում կիրառվող քարոզչական բոլոր հնարքներից, այդ թվում` ակտիվ է լինելու համացանցում: Խորհրդարանական ընտրություններից առաջ էլ մենք ունեցանք կայք, հիմա էլ կայք կլինի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակն ավելացրեց, որ 2008 թ.-ից այս կողմ համացանցի դերը զգալիորեն մեծացել է, մեծացել է նաև համցանցից օգտվող ՀՀ քաղաքացիների թիվը, բնականաբար, համացանցի լսարանը կորցնել չի կարելի:

«Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված Րաֆֆի Հովհանիսյանի քարոզչությանը համացանցում նույնպես կհանդիպենք: «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ թեկնածուն պարտադիր ունենալու է կայք: Կլինի նաև էջ՝ Ֆեյսբուքում:

«Մենք մշտապես կարևորել ենք համացանցը: Խորհրդարանական ընտրություններից առաջ ևս մեր ակտիվությունը համացանցում դրա վառ ապացույցն է: Կօգտագործենք բոլոր գործիքները, նաև սոցիալական ցանցերում ակտիվ քարոզչությունն ու ինֆորմացիայի տարածումը էլեկտրոնային փոստերի միջոցով»,- ասաց Խուրշուդյանն ու ավելացրեց, որ այսօր համացանցն էապես մրցակցում է հեռուստատեսությունների հետ:

Թեկնածուներից Հրանտ Բագրատյանն արդեն ունի պաշտոնական կայք: Բագրատյանի նախընտրական հարցերով հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանի խոսքով՝ կայքի միջոցով ակտիվ քարոզչություն է տարվելու.
«Համացանցն, իհարկե, կարևոր է: Այն հնարավորություն է տալիս խոսքն ու տեղեկատվությունը շատ արագ տեղ հասցնել»,- ասաց Հարությունյանը:

Նախագահության ութերորդ թեկնածուն` Արման Մելիքյանը, կայք չունի, բայց համացանցում պասիվ, այնուամենայնիվ, չի լինի.
«Ես ունենալու եմ նախընտրական բլոգ: Կարևորում եմ քարոզչությունը համացանցում, հատկապես այն պատճառով, որ , օրինակ` հեռուստաընկերությունները քարոզչությունը բավականին յուրօրինակ կերպով են ներկայացնում: Հաճախ ուղիղ եթերները փոխարինվում են լրագրողական մեկնաբանություններով»,- ասաց Մելիքյանը:

«Համացանցն ուղիղ խոսք ասելու համար առավել մեծ հնարավորություններ է ընձեռում, քան լրատվության մյուս միջողցները»,- ավարտեց թեկնածուն:
 

Նախընտրական քարոզչությունն էկրանից այն կողմ. Մաս 2