.jpg)
Նախընտրական քարոզչությունն էկրանից այն կողմ. Մաս 1
Հունվարի 21-ից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Թեկնածուներից շատերն արդեն ունեն գծված երթուղի` ուր, ում հետ և երբ են գնալու: Որոշ թեկնածուներ, սակայն, նախընտրում են չլքել մայրաքաղաքն ու սեփական քարոզչությունը մարզեր հասցնել, օրինակ` համացանցի միջոցով: Առաջադրված 8 թեկնածուներից Aysor.am-ը փորձեց պարզել, արդյոք համացանցը կարո՞ղ է կարևոր գործոն լինել այս ընտրություններում և ո՞րքանով է նրանցից յուրաքանչյուրն օգտագործելու այն:
Նախագահության էպոսագետ թեկնածուն համացանցը շատ է կարևորում: Սեդրակյանն արդեն պաշտոնական կայք ունի` www.sedrakyan.net: Այստեղ կարելի է կարդալ նրա հոդվածները, ծանոթանալ ԶԼՄ-ներում նրա մասին հրապարակումներին և առհասարակ գտնել թեկնածուի հետ կապված գրեթե ամեն բան.
«Բազմիցս ասել եմ` իմ քարոզարշավը հիմնականում տարվելու է հեռուստատեսությամբ և համացանցով: Նախ, քանի որ եղանակային պայմանները բարենպաստ չեն` դրսում ցուրտ է, բացի այդ 21-րդ դարն է և պետք է առաջ գնալ: Պետք է անցնեն այն ժամանակները, երբ թեկնածուները գյուղեր էին գնում և նրանց ոտքերի տակ մորթած գառներ էին փռում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը:
Արդեն մեկ ամիս է, ինչ գործում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի պաշտոնական կայքը` www.hayrikyan.com: Հայրիկյանը ևս կարևորում է համացանցը, բայց կարծում է, որ կարևորագույն գործոն այն կդառնա միայն մյուս ընտրությունների ժամանակ.
«Համացանցն, իհարկե, այսօր էլ կարևոր է, բայց, ըստ իս, այն որոշիչ գործոն կդառնա միայն մյուս ընտրությունների ժամանակ, երբ առավել հասանելի կլինի: Նշեմ, որ բացի կայքից, ես ունեմ նաև ֆեյսբուքյան էջ»,- ասաց Հայրիկյանը:
Համացանցում իր ակտիվությամբ արդեն մի քանի ամիս է, աչքի է ընկնում թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Այս թեկնածուի պաշտոնական կայքն է` www.andrias.am: Ֆեյսբուքում ևս Ղուկասյանն էջ ունի:
«Ըստ իս, համացանցը շատ էֆեկտիվ է: Իհարկե, նկատի չունեմ բացասական երևույթներն, օրինակ` ֆեյքերը: Համացանցն իր գաղափարով արդեն միավորում է, ասում ենք` սոցիալական ցանց, սա արդեն միավորում է պարունակում»,- ասաց Ղուկասյանը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, թեկնածու Արամ Հարությունյանը համացանցային իր քարոզչությունը տանելու է հիմնականում Ֆեյսբուք սոցիալական ցանցում: «Էկրանից այն կողմ» Արամ Հարությունյանի քարոզ կտեսնենք նաև հեռուստատեսության ուղիղ եթերով.
«Հատուկ հրաժարվել ենք մեծ գովազդային վահանակներից, որպեսզի այդ գումարը ծախսենք ուղիղ եթեր գնելու համար: Ինչ վերաբերում է մարդկային, երես առ երես շփմանը` մենք ընտրություններից 10 օր առաջ կմեկնենք նաև մարզեր»,- Aysor.am-ին ասաց Հարությունյանը:
Թեկնածուն ավելացրեց, որ համացանցը հատկապես կարևորվում է, քանի որ հեռուստատեսությունն այսօր, ըստ էության վերահսկողության տակ է: