Դատախազությունը ստացել է ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը
17/01/2013 10:34

Դատախազությունը ստացել է ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը

Գլխավոր դատախազությունը ստացել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»:

Դիմումատուն ընտրություններին որպես թեկնածու ինքնաառաջադրված, սակայն 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու պատճառով ՀՀ Նախագահի թեկնածու չգրանցված «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանն է:

Ինչպես հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, նա պահանջել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով պատասխանատվության կանչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Ռ.Սիմոնյանը 5 էջից բաղկացած իր բողոքում վերլուծում է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներ, ընտրական գրավի հետ կապված Ընտրական օրենսգրքի հոդվածները:

Դիմումատուն եզրակացրել է. «Փաստացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր ղեկավարի` Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, և իր աշխատակիցների մասնակցությամբ, հանցակցությամբ վերացնելով Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների առաջին մասի, ինչպես նաև 50-րդ հոդվածի նորմերը և ժողովրդավարության սկզբունքները, պահանջները, խարդախությամբ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը»:
 

Դատախազությունը ստացել է ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը