.jpg)
Քաղտեխնոլոգ. Շատ հարմար է 8 մլն դրամ տալ և մեկ ամիս «ռասկռուտկա» լինել
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն ավելի շուտ լինելու է ինագուրացիայի օր, քան` ընտրության։ Նման կարծիք հայտնեց ասուլիսի ժամանակ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Սովորաբար նախագահական ընտրությունները, քաղտեխնոլոգի խոսքերով, ավելի լարված են անցնում, քան խորհրդարանականը, սակայն գալիք նախագահական ընտրությունները կտարբերվեն նախորդներից: «Բայց այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ հետոն ավելի հետաքրքիր է լինելու: Ո՞վ է հաղթելու` օլիգարխիկ հատվածը, թե՞ քաղաքական: Օլիգարխիկ և քաղաքական հատվածն, անպայման, բախվելու են»,- ասաց նա :
Խոսելով առաջադրված թեկնածուների հնարավորությունների մասին` Կ.Քոչարյանն ասաց, որ գործող Նախագահի հաղթանակը միանշանակ է, իսկ մնացյալ թեկնածուներն առաջադրվում են` տարբեր պատճառներից ելնելով. «Առաջադրվում են` տարբեր գործընթացների մեջ մնալու, այս կամ այն դիվիդենտներ հավաքելու համար, մեկը քաղաքական, մյուսը՝ նյութական: Չնայած կա մարդ, որ գալիս, գնում է, գալիս, գնում է և 5 տարի չի երևում»:
Շարունակելով խոսքը` քաղտեխնոլոգը նկատեց, թե 8 մլն դրամը շատ չէ, որպեսզի թեկնածուներն իրենք իրենց գովազդեն:
«Այնուամենայնիվ` շատ հարմար է 8 մլն դրամ տալ և մեկ ամիս ռասկռուտկա լինել, ստիպել իրենց մասին խոսել»,- եզրափակեց խոսքը Կ. Քոչարյանը: