Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին
17/01/2013 18:45

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը և նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձևավորված և Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: 

Այն կազմված է եղել ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաև Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական բաժնից:

Պատվիրակությունը Հայաստան է այցելել նախընտրական շրջանում դիտորդական առաքելությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ուրվագծել են փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես և ընտրություններից առաջ ու դրանց ընթացքում իշխանությունների հնարավոր խախտումները կանխելու ուղղությամբ նախընտրական շտաբի իրականացնելիք գործողությունները:  

Դիտորդներին տրամադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին որոշակի քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման համար: 

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին