.jpg)
Թուրքիան փորձում է ՄԱԿ-ի գրասենյակները տեղափոխել Ստամբուլ
Թուրքիան կառավարական մակարդակում ջանքեր է գործադրում Եվրոպայում գտվող ՄԱԿ-ի գրասենյակները Ստամբուլ տեղափոխելու ուղղությամբ:
Regnum գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր գրասենյակները կհամախմբվեն Ստամբուլում, և Ստամբուլը կդառնա «ՄԱԿ-ի քաղաք»:
Նախատեսվում է Ստամբուլ տեղափոխել Եվրոպայում գտնվող ՄԱԿ-ի մի շարք գրասենյակներ, առաջին հերթին՝ Արևելյան Եվրոպայի երկրներից` Հունգարիայից և Սլովակիայից:
2010 թ.-ին Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) արդեն բացել է իր գրասենյակը Ստամբուլում:
Սակայն Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մի շարք դրվագներ կասկածի տակ են դնում այն հանգամանքը, թե արդյոք արժանի՞ է Ստամբուլը դառնալու ՄԱԿ-ի կենտրոններից մեկը:
Թուրքիայում կա խտրական վերաբերմունք ազգային փոքրամասնությունների հանդեպ. Թուրքիան պատերազմ է վարում 12-15 միլիոնանոց քրդական փոքրամասնության հետ:
Անկարան խնդիրներ ունի իր հարևանների հետ. վերջին շրջանում լարվել են Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները:
Բացի այդ, 43.000 թուրք զինվորականներ շարունակում են բռնազավթել Կիպրոսի հյուսիսային հատվածը, իսկ 1974 թ.-ի Կիպրոս թուրքական ներխուժման հետևանքով 180.000 հույներ դարձել են փախստական:
Նշվում է, որ Թուրքիան 1993 թ.-ից փակել է իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ և 20 տարի շարունակ շրջափակման մեջ է պահում երկիրը: Միջազգային փորձագետների կարծիքով, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով Հայաստանի տնտեսությունը տարեկան կրում է 500 միլիոն դոլարի վնաս:
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակ են պատրաստել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին հղելու համար՝ բողոքելով ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիայի տարածքում բացելու դեմ:
Aysor.am-ի հետ զրույցում բաց նամակի տակ իր ստորագրությունը դրած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Թուրքիայում ՄԱԿ-ի գրասենյակների բացման հնարավորությանը, նշեց, որ այն երկիրը, որտեղ պետք է տեղակայվի ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակը, պետք է դրական հարաբերություններ ունենա այդ տարածաշրջանի երկրների հետ:
«Թուրքիան վատ հարաբերություններ ունի և բացասական մթնոլորտ է ստեղծում Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և այժմ նաև Սիրիայի հետ հարաբերություններում»,- նշեց Լ. Ալավերդյանը:
Նրա խոսքերով, Թուրքիան պաշտոնապես ճանաչված է որպես Հյուսիսային Կիպրոսի օկուպանտ երկիր, և զարմանալի է, թե ինչպես կարելի է այդ երկրում տեղակայել ՄԱԿ-ի գրասենյակներ:
Ըստ Aysor.am-ի զրուցակցի՝ Թուրքիան միջազգային ատյանների կողմից ընդունված բոլոր բանաձևերում բնութագրվում է որպես օկուպանտ երկիր:
«Թուրքիան մերժում է նաև Հայոց ցեղասպանությունը և դեռևս տարիներ առաջ ցեղասպանությունների կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը ասել է, որ ցեղասպանության մերժումը ցեղասպանության իրականացման վտանգ է ներկայացնում և սպառնալիք»,- ասաց Ալավերդյանը:
Ըստ նրա՝ Թուրքիան շահագրգիռ դրական վերաբերմունք ունի տարածաշրջանային մեկ երկրի` Ադրբեջանի նկատմամբ և շահագրգիռ բացասական վերաբերմունք մեկ այլ երկրի` Հայաստանի նկատմամբ: Այս պայմաններում, ըստ բանախոսը, շատ զարմանալի է այդպիսի հեղինակավոր կազմակերպության գրասենյակի տեղակայումը Թուրքիայում:
Լ. Ալավերդյանը հավելեց, որ իրենք բաղոք-նամակը հղելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և հանդիպումներ են ունենալու ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: