Նախագահի թեկնածու. Մենք չենք բոյկոտի ընտրությունները, կասենք` օրինական չեն
21/01/2013 11:41

Նախագահի թեկնածու. Մենք չենք բոյկոտի ընտրությունները, կասենք` օրինական չեն

«Պատկան մարմինները չեն ապահովում ընտրությունների իրավաչափությունը, հետևաբար, հանրության ներգրավմամբ, այս պարագայում կարող ենք հայտարարել, որ ընտրություններն իրավաչափ չեն` հռչակելով դրանք ոչ օրինական»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով նախագահական ընտրություններին, քարոզարշավին, ինչպես նաև ԿԸՀ  որոշմանը, այս մասին ասաց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Ա. Մելիքյանը ԿԸՀ-ին խնդրել էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն: Սակայն, ըստ ԿԸՀ որոշման, ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասով դիմումը վերահասցեագրվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Ինչ վերաբերում է Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանից հետացածների մասին տեղեկատվությանը, ապա ԿԸՀ-ն որոշել է այն մերժել, քանի որ այլ սուբյեկտներին հանձնարարականներ տալու ու նման տեղեկատվություն հավաքելու, հրապարակելու լիազորություններ չունի:

«Մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ, մենք առաջարկել ենք համագործակցություն իշխանությանը, առաջին փուլում ԿԸՀ-ն իր որոշմամբ փաստացի մերժեց այդ առաջարկը: Բայց, այնուամենյնիվ, կարծում ենք, որ մեր ունեցած միջոցներով կարող ենք խնդիրը դարձնել լիարժեք քաղաքական խնդիր»,- ասաց նախագահի թեկնածուն, հույս հայտնելով, որ իշխանությունն այս խնդրին պատշաճ և լուրջ վերաբերմունք ցույց կտա, և իրենք պայքարը կշարունակեն ընտրություններում:

Հարցին, եթե նման բան չլինի, կնշանակի, որ ընտրությունները բոյկոտո՞ւմ եք, Ա.Մելիքյանն ասաց, թե դա կնշանակի, որ իրենք ընտրությունները համարում են ոչ օրինական:

«Մենք չենք կարող քաղաքացուն կոչ անել, որ չմասնակցի անօրիանկան գործընթացին, մենք պարզապես կհայտարարենք, որ ընտրություններն օրինական չեն»,- եզրափակեց խոսքը նախագահի թեկնածուն:
 

Նախագահի թեկնածու. Մենք չենք բոյկոտի ընտրությունները, կասենք` օրինական չեն