.jpg)
«Բաքուն թույլ տվեց քաղաքական վրիպում և մեթոդաբանական քարոզչական սխալ»
«Այս օրերին պաշտոնական Բաքուն թույլ տվեց քաղաքական վրիպում և մեթոդաբանական քարոզչական սխալ: Բաքվում որոշեցին հանրայնացնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության որոշ դետալներ: Բաքվում թերևս հույս ունեին, որ հանրայնացնելով Ռուսաստանից սպառազինությունների ձեռք բերման փաստը հնարավոր կլինի կասեցնել այն»,- այս մասին Aysor.am-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը հրապապարակել էին սպառազինության ցանկ և նշել, որ 2012 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներկրել է վերոնշյալ զինատեսակները: Սակայն մի քանի օր անց, ՀՀ պաշտպանության նախարարնա նդրադառնալով վերոնշյալ ցանկին, նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ դա ՌԴ-ից ներկրված սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ լրիվ ցանկն է:
«Քաղաքական վրիպումն այս դեպքում հետևանք էր սխալ հաշվարկի: Վերջինս կայանում էր նրանում, որ Բաքվում հավանաբար հաշվի չէին առել այն ակնհայտ իրողությունը, որ Ռուսաստանից սպառազինությունների ձեռքբերման մեջ ապօրենի ոչինչ չկա, հետևաբար, չկա նաև այդ փաստի հանրայնացումից վախենալու որևէ պատճառ: Սպառազինությունների ձեռքբերումը խարսխված է հստակ իրավապայմնագրային հիմքի վրա և իրականացվում է բացահայտ՝ հայ- ռուսական ռազմաքաղաքական դաշինքի համատեքստում: Տվյալ դեպքում հատկանշականն այն է, որ երկու կողմերն էլ չունեն որևէ պատճառ թաքուն պահելու ռազմատեխնիկական համագործակցության փաստը, քանզի այն փոխշահավետ է: Ուստի Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու փաստի հանրայնացումն անգամ տեսականորեն չի կարող կասեցնել այդ գործընթացը. Բաքվի այս հաշվարկը սնանկ էր ի սկզբանե:
Իսկ եթե կատարվածը դիտարկենք քարոզչական համատեքստում, ապա ակնհայտ է դառնում, որ այս դեպքում պաշտոնական Բաքուն թույլ է տվել մեթոդաբանական սխալ: Բանն այն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան սեփական լսարանի շրջանում տարիներ շարունակ հետևողականորեն զարգացնում է այն թեզը, թե իբր ադրբեջանական բանակն այնքան հզոր է, իսկ մենք իբր այնքան թույլ, որ հաղթանակը հայոց պետությունների հանդեպ ձեռք կբերիվի արագ և հեշտությամբ: Հրապարակելով Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու վերաբերյալ տեղեկություններ, և, առավել ևս ուղեկցելով այն մեկնաբանությամբ, թե Ռուսաստանը այդ կերպ նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը ադրբեջանական քարոզչամեքենան ակամա հակասում է ինքն իրեն: Այս կերպ Բաքվում փաստորեն խոստովանում են, որ հայոց զինուժն իրենից ներկայացնում է գործոն, որի հետ անհնարին է հաշվի չնստել:
Տեղի ունեցածը թերևս այն դեպքերից է, երբ ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է ինքն իր դեմ, կամ մեր օգտին՝ քանդելով իր իսկ կողմից ձևավորված քարոզչական առասպելը: Չէ՞ որ որքան ավելի շուտ ադրբեջանական հասարակությունը գիտակցի, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանդեպ ռազմական հաղթանակի հեռանկարը գնալով դառնում է է°լ ավելի պատրանքային, և որ նոր պատերազմը կարող է Ադրբեջանի համար ունենալ աղետալի հետևանքներ, այնքան ավելի կնվազի նոր ադրբեջանական արկածախնդրության հավանականությունը»,- նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: