Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց
21/01/2013 09:04

Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց

Այսօր պաշտոնապես սկսվեց 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Այսօրվանից բոլոր թեկնածուներն  անվճար և վճարովի եթերաժամի հնարավորություն կունենան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչպես նաև կարող են եթերաժամ գնել մասնավոր հեռուստառադիոընկերություններում:

Թեկնածուները, ընտրական օրենսգրքի համաձայն,  կարող են օգտագործել 60 րոպե անվճար եթերաժամանակ Հանրային հեռուստատեսությունում, 120 րոպե` հանրային ռադիոյում:

Ինչպես արդեն հայտնի է, երկրի ղեկավարի պաշտոնին այս պահին հավակնում է 8 թեկնածու՝ ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Այսպես՝ այսօր  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը կսկսի Ավան վարչական շրջանից, իսկ Հրանտ Բագրատյանը՝  Վերին Արտաշատ գյուղից: Իսկ Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում էլ կտրվի ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը:

Ահա նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ այսօր հացադուլ կհայտարարի:

Ինչ վերաբերում է նախագահի մյուս թեկնածուներին, ապա` Վարդան Սեդրակյանն իր քարոզարշավը կմեկնարկի հերթական ասուլիսով, իսկ ահա Արամ Հարությունյանի և Պարույր Հայրիկյանի, Արման Մելիքյանի քարոզարշավների մեկնարկի վերաբերյալ դեռևս որևէ բան հայտնի չէ:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է այսօրվանից և կտևի մինչև փետրվարի 16-ի ժամը 24-ը:

Փետրվարի 17-ը «լռության օր» է:

Իսկ ահա ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը կիրականացվի փետրվարի 18-ին` ժամը 8-ից մինչև 20-ը:

Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց