.jpg)
Ադրբեջանցիները պահանջել են հյուրանոցից հեռացնել «Գանձասար» թիմին
Կապանի «Գանձասարն» այսօր մեկնել է Անթալյա` անցկացնելու այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: Սակայն հենց առաջին օրը մեր թիմը խնդիրներ է ունեցել: Բանն այն է, որ, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նույն հյուրանոցում է հանգրվանել նաև ադրբեջանական «Սիմուրգ» թիմը: Վերջինիս ղեկավարությունը դիմել է «Limak Atlantis» հյուրանոցի ղեկավարությանը` պահանջելով «Գանձասարին» հանել հյուրանոցից: «Սիմուրգը» սպառնացել է, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, կհեռանան առանց վճարում կատարելու:
Հայկական կողմը, սակայն, որևէ կերպ չի արձագանքում կատարվածին, թեպետ նման հարևանությունը «Գանձասարին» նույնպես դուր չի գալիս: Թիմերի ներկայացուցիչների միջև որևէ բախում չի եղել, սակայն նույն հյուրանոցում ադրբեջանական ու հայկական թիմերի տեղավորումը լրացուցիչ լարվածություն է առաջացնում և խանգարում է նորմալ ուսումնամարզական հավաքի անցկացմանը:
«Անհասկանալի է, թե ինչ է մտածել հյուրանոցի ղեկավարությունը, երբ նույն ժամկետներում ընդունել է Ադրբեջանի ու Հայաստանի թիմերին,- ասել է «Սիմուրգի» ներկայացուցիչը:- Կամ մենք այստեղից կգնանք` առանց վճարումներ կատարելու, կամ էլ հյուրանոցի մենեջերները կտեղափոխեն հայկական թիմին»: