.jpg)
Սերժ Սարգսյանի քարոզչական երգը նվեր է կույր աշխատակցից (Տեսանյութ)
Գործարկվել է ՀՀ գործող Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական կայքը:
Կայքից տեղեկանում ենք, որ արդեն հայտնի է քարոզչական տեսահոլովակի երգը:
Հեղինակը Նախագահի աշխատակազմի իրավաբանն է, ով չի տեսնում:
Կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանն ասում է, որ «ստեղծագործությունը Հայրենիքի նկատմամբ տածած զգացմունքների, վերաբերմունքի արդյունք է»:
«Ինձ համար Հայրենիքն ամեն ինչ է: Այսինքն, իմ սկիզբն է և վերջը: Իմ արմատներն են Հայրենիքում և իմ սերունդներն են լինելու Հայրենիքում: Սա՛ է ինձ համար Հայրենիքի գաղափարախոսությունը, որի համար պետք է անել բացառապես ամեն ինչ:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում: Հետո, ավելի ուշ, ես որոշեցի իմ երախտագիտությունը հայտնել նրան երգի տեսքով: Երգ՝ Հայրենիքի մասին: Դա պարզապես նվեր էր: Ի՛մ նվերը ի՛մ երկրի նախագահին:
Շատ զարմացա, երբ իմացա, որ որոշում է կայացվել հենց այդ երգով գնալ նախընտրական պայքարի:
2009թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով հրավիրվեցի աշխատելու Նախագահի աշխատակազմում: Լինել նման մարդու կողմից գնահատված, ինձ համար, իսկապես, ոգևորիչ էր և կարող եմ, վստահաբար, ասել, որ մի նոր լուսավոր էտապ սկսվեց իմ կյանքում: Նախագահի ղեկավարությամբ, առաջնորդությամբ աշխատելը չափազանց պատասխանատու աշխատանք է, քանի որ ղեկավարը շատ լավ օրինակ է իր թիմի մյուս բոլոր անդամների համար:
Իմ բոլոր երազանքներն ու նպատակները կապված են իմ հողի ու ջրի հետ: Հանգիստ եմ նրա համար, որ ինձ նման մտածում են շատ-շատերը: Դա ինձ հույս է ներշնչում, որ մենք Նախագահի առաջնորդությամբ պետք է կառուցենք մեր ապահով Հայաստանը»,-ասել է երգի հեղինակ Ալբերտ Աբգարյանը:
Հավելենք, որ այսօր մեկնարկեց 2013 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավը: