.jpg)
Նոր կտակարան, նոթատետր և բաց նամակ. Ա. Ղուկասյանը շարունակում է հացադուլը
Նոր կտակարան, նոթատետր և Պավլիկ Սարգսյանի բաց նամակը` սրանք այն երեք իրերն են, որոնք նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր մոտ է պահում հացադուլի ընթացքում: Ղուկասյանի խոսքով, նա իրեն լավ է զգում ու բժիշկների օգնության կարիք չունի: Ինչ վերաբերում է նշված երեք իրերին, Ղուկասյանը Aysor.am-ին պատմեց.
«Նոր կտակարանն ինձ մի քաղաքացի նվիրեց ու հայտնեց իր զորակցությունը:
Պավլիկ Սարգսյանի բաց նամակն ինձ հենց նախկին թեկնածուն բերեց, որ ծանոթանամ դրա բովանդակությանը: Դե իսկ նոթատետրն ի սկզբանե հետս եմ բերել, որ անեմ համապատասխան նշումներ ու գրառումներ»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Հարցին` ինչու՞ է հացադուլի համար ընտրել Գիտությունների ազգային ակադեմիայի բակը, թեկնածուն պատասխանեց, որ այդտեղ նա չի խանգարում երթևեկությանն ու չի խաթարում հասարակական անդորրը: Բացի այդ նրա գլխավերևում Հայաստանի Հանրապետության մեծ դրոշ կա.
- Պարոն Ղուկասյան, այսինքն գիտության հետ հացադուլի վայրի ընտրությունը որևէ կապ չունի՞:
- Իսկ գիտություն կա՞…,- ժպտալով հարցին հարցով պատասխանեց Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրացավ հայտարարված հացադուլի առաջին օրը: