«Իրավական դաշտում սիրիական հակամարտության կարգավորում չի կարող լինել»
22/01/2013 21:08

«Իրավական դաշտում սիրիական հակամարտության կարգավորում չի կարող լինել»

Օրեր առաջ Շվեյցարիան նամակով դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին` սիրիական թխթածրարը (դոսիե) Միջազգային քրեական դատարանի իրավասությանը հանձնելու առաջարկով: Շվեյցարիայի այս նախաձեռնության տակ ստորագրել է ևս 56 պետություն, այդ թվում` ԱԽ-ի 5 անդամներ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Կորեա, Լյուքսեմբուրգ):

Այս նախաձեռնության նպատակներն ու հնարավորությունները մեկնաբանելու համար Aysor.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

«Շվեյցարիական նախաձեռնությունը, որը հավանության են արժանացրել ևս պատկառելի թվով պետություններ, տեղավորվում է Սիրիայի դեմ իրականացվող դիվանագիտական պատերազմի տրամաբանության մեջ: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում հակամարտ կողմերը պայքարում են ոչ միայն երկրի ներսում, այլև դրանից դուրս, մասնավորապես տեղեկատվական-քարոզչական և դիվանգիտական դաշտերում: Սիրիական իշխանությունների արտաքին հակառակորդների կողմից բավականին լուրջ գործունեություն է ծավալվում միջազգային իրավական դաշտում ևս Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ ազդու ճնշումներ գործադրելու ուղղությամբ: Ընդամենը մեկ օրինակ բերեմ` կապված սիրիական ընդիմության կազմակերպման, համախմբան, ապա նրան իրավական կարգավիճակի հաղորդման գործում` ընդհուպ մինչև միջազգային ճանաչման ամենաբարձր աստիճանների ապահովումը` նախ որպես «սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ, ապա` օրինական կառավարություն: Սա մի գործընթաց է, որը որևէ պետության ներքին հակամարտությանը զուգահեռ տարվում է միջազգային ասպարեզում, եթե հիմնախնդրին որևէ կերպ միջամտում են նաև արտաքին ուժեր:

Տվյալ դեպքում, անհրաժեշտ է խնդիրը դիտարկել իրավական-փաստական հարթության մեջ: Սիրիան չի հանդիսանում 1998 թ. Հռոմի ստատուտի հիման վրա 2002 թ. ստեղծված միջազգային այս կառույցի մասնակից պետություն, այդ իսկ պատճառով միակ ճանապարհը սիրիական հարցը ՄՔԴ տեղափոխելու և սիրիական իշխանությունների դեմ նման բնույթի գործ հարուցելու, հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջնորդությունը` ԱԽ-ի հատուկ բանաձևի հիման վրա. այս ընթացակարգն ամրագրված է ՄՔԴ-ի հիմնադիր փաստաթղթում, բխում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածից, ինչի հավաստումն են միջազգային պրակտիկայում առկա մի շարք նախադեպերը, ասենք Սուդանի կամ Լիբիայի դեպքում: Հետևաբար կանխատեսելի է` գոնե Մոսկվան, որն արդեն իսկ հանդես է եկել այդ նախաձեռնության հնարավոր բացասական հետևանքների մասին հայտարարությամբ, դեմ հանդես կգա նման բանաձևի ընդունմանը»,- նշեց արաբագետը:

Խոսելով այսօրինակ նախաձեռնությունների արդյունավետության մասին`արաբագետը նշեց, որ իրավական դաշտում սիրիական հակամարտության կարգավորում ակնկալելու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այս հակամարտության մասնակիցներից որևէ մեկը չի հետևում միջազգային իրավունքի նորմերին և պահանջներին: «Այս համատեքստում, այդպիսի գործընթաները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ առաջնային հիմնահարցերի` ասենք երկրում օրեցօր աճող արյունահեղության անհապաղ դադարեցման վրա: Ընդհակառակը, դրանք ավելի կխորացնեն հակասությունները կողմերի միջև` նոր նախադրյալներ ստեղծելով հավելյալ շահարկումների և իրարամերժ դիրքորոշումների առավել կարծրացման համար: Հետևաբար հակամարտության խաղաղ կարգավորումը, հատկապես այս փուլում, աներկբայորեն պետք է փնտրել քաղաքական-դիվանագիտական փոխզիջումների դաշտում»,- եզրափակեց արաբագետը:
 

«Իրավական դաշտում սիրիական հակամարտության կարգավորում չի կարող լինել»