.jpg)
«Սիրիահայերի գերակշռող մասը հաստատվում է Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում»
Սիրիայում տեղի ունեցող ռազմական բախումներից փրկվելու նպատակով հարյուրավոր սիրիահայեր են տեղափոխվում Հայաստան, իսկ ոմանք՝ միջազգային ճանաչում չունեցող Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Այս մասին հայտնում է www.iwpr.net-ը:
Ըստ Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի` Սիրիայից 22 ընտանիք (58 մարդ) տեղափոխվել է Քաշաթաղ, որից 18-ը` Սիրիայում կապված վերջին դեպքերից հետո:
«Կովսական եկած առաջին սիրիահայ ընտանիքները արդեն ունեն առանձնատներ, մնացածի համար բազմաբնակարան շենք է վերանորոգվել, որից հատկացվել են բնակարաններ: Բերձոր եկածները առայժմ բնակվում են հյուրատանը, որտեղ ոչ մի վարձ չեն մուծում, բոլոր չափահասների աշխատանքի խնդիրը լուծվել է, ինչպես նաև սննդի հարցը կազմակերպվում է մեր ուժերով: Իսկ ով ցանկանում է հող մշակել, տրվում է հող», - ասում է Ռոբերտ Մաթևոսյանը:
Ադրբեջանը, որտեղ ղարաբաղյան հակամարտության ժամանակ իրենց տները լքած հարյուր հազարավոր փախստականներ են ապրում, շարունակում է Լեռնային Ղարաբաղն իր տարածքի մի մասը համարել:
«Մենք տեղեկացրել ենք այս մասին ՄԱԿ-ին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը: Հայաստանն առաջին անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցման նախագիծ է իրականացնում: Սա սադրանք է. այն խաթարում է խաղաղ կարգավորման գործընթացը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը:
Ստեղծված իրադրության մեջ Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում և հրաժարվում է բանակցական սեղանի շուրջ նստել ղարաբաղյան կողմի հետ:
Սիրիահայերի գերակշռող մասը հաստատվում է Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում:
Լեռնային Ղարաբաղը հայերի վերահսկողության ներքո գտնվող ինքնակոչ հանրապետություն է և հանդիսանում է չլուծված հակամարտություն` հայերի ու ադրբեջանցիների միջև, ինչի արդյունքում երկու հարևանները ՝Հայաստանն ու Ադրբեջանը, չունեն դիվանագիտական հարաբերություններ:
1992 թվականին ղարաբաղյան ուժերը իրենց վերահսկողության տակ վերցրին Լաչին (Բերձոր) քաղաքը և ռազմավարական կարևորություն ունեցող Լաչինի միջանցքը (հայերը նաև այն անվանում են «կյանքի ճանապարհ»): Այդ միջանցքի շնորհիվ` Ղարաբաղը ցամաքային կապ հաստատեց Հայաստանի հետ: Ավելի ուշ`Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի մի մասի հիման վրա ստեղծվեց Քաշաթաղի շրջանը`3376 կմ² տարածքով:
ԼՂ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2011 թվականի տվյալներով` Քաշաթաղի շրջանում բնակվում է 8 500 մարդ:
Տեղական իշխանություններն ընդառաջում են շրջան տեղափոխվել ցանկացողներին: Նրանց համար տներ են կառուցվում կամ վերանորոգվում են եղածները, քանի որ պատերազմից հետո լքված տները հաճախ քանդվել են`որպես շինանյութ օգտագործելու նպատակով:
Քաշաթաղում հաստատվող ընտանիքների մեծ մասը Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքից են: Նրանք հիմնականում հողագործներ ու արհեստավորներ են:
«Հողագործությամբ զբաղվող ընտանիքներին տրամադրում ենք մեծ հողատարածքներ»,- ասում է Մաթևոսյանը:
Ըստ Ռոբերտ Մաթևոսյանի`այժմ Քաշաթաղի շրջանում բնակվելու ցանկություն ունեն 10 ընտանիքի ներկայացուցիչներ, ովքեր հեռախոսով տեղեկացրել են, որ ցանկանում են գալ Քաշաթաղ ու ծանոթանալ պայմաններին. «Ընդհանրապես, պատրաստ ենք ընդունել ցանկացած դիմողի: Քաշաթաղցին ըմբռնումով է մոտենում խնդրին՝ ոչինչ, որ իր տունը չեն վերանորոգում, նա դժբախտության մեջ հայտնված հայրենակցին պատրաստ է օգնել»:
«Ես անմիջապես Ղարաբաղն ընտրեցի, Հայաստանը չուզեցի: Այստեղ հանգիստ է ու ավելի լավ է: Գնացի 15 օր Հայաստանում մնացի, հետո վերադարձա Սիրիա: Հետո որոշեցի գալ Ղարաբաղ»,- ասում է Վարդան Պողոսյանը, ով վերջերս է տեղափոխվել ԼՂ:
Նա իր տիկնոջ` Լուսվարդ Վարդանյանի հետ հաստատվել է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Երիտասարդ ամուսինները մասնագիտությամբ հաշվապահներ են: Սիրիայից ընտանիքով Քաշաթաղ է տեղափոխվել նաև Վարդան Պողոսյանի եղբայրը` Սերոբ Պողոսյանը, և Վարդանի կնոջ ծնողներն ու հարազատները:
Ռոբերտ Մաթևոսյանի հավաստիացմամբ` Վարդան Պողոսյանը մոտ օրերս աշխատանք կստանա տեղական հեռախոսակապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ում: Վարդանի կինն օրերս աշխատանքի է ընդունվել Բերձորի հյուրանոցում`որպես հաշվապահ:
Ի դեպ, Վարդանը սիրիական հեռախոսակապի օպերատորներից մեկում 5 տարի աշխատել էր որպես հաշվապահ: Իսկ նրա եղբայրը, ով մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, աշխատանքի կտեղավորվի «Սյունիք» հիդրոէլեկտրակայանում:
Վարդանն ու Լուսվարդն ունեն մեկ տարեկան ու մեկ ամսական դուստր: Չնայած երեխայի փոքր տարիքին` նրանք երկուսով ուզում են աշխատել:
Ադրբեջանական իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ սիրիահայերի վերաբնակեցման ծրագիրը նպատակաուղղված քայլ է, որը կխոչընդոտի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կբացառի փախստականների վերադարձը տարածաշրջան:
«Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Անընդունելի է, որ սիրիահայերը հաստատվում են այնտեղ առանց Ադրբեջանի թույլտվության: Սա միջազգային օրենսդրության և Լեռնային Ղարաբաղը հարկադրաբար լքած ադրբեջանցիների իրավունքների խախտում է», - համոզված է Աբդուլլաևը:
«Հիասթափեցնում է նաև այն, որ միջազգային հանրությունը հակված է լռություն պահպանել այս կապակցությամբ», - հավելել է նա:
Վարդան Պողոսյանը, սակայն, ադրբեջանական կողմի դժգոհություններն ընդհանրապես խնդիր չի համարում:
«Ես չգիտեմ` աշխարհն ինչպես է մտածում, ես իրենց նման չեմ մտածում: Ադրբեջանցիներն այստեղ տեղ չունեն, Արցախը հիմա պատկանում է իր իսկական տիրոջը: Իմ արմատները Սասունից են, որը կորցրել ենք, թող նրանք երկրորդ անգամ հող գրավելու մասին չմտածեն», - ասում է Վարդան Պողոսյանը:
«Մենք շատ բան ենք կորցրել Սիրիայում, և այս շրջանը մեզ համար ապաստան է դարձել: Մենք մտադիր ենք հաստատվել այստեղ և զարգացնել շրջանը», - հավելում է Պողոսյանը:
Սիրիահայերի համար Հայաստանում կամ Ղարաբաղում հաստատվելու, ինտեգրվելու համար երբեմն խնդիր է հանդիսանում լեզվական պատնեշը:
«Մի քիչ դժվար է, մի քիչ անհասկանալի է Ղարաբաղի բարբառը ու արևելահայերենը, բայց կհարմարվենք, կամաց-կամաց կվարժվենք, կհասկանանք իրար: Նույն լեզուն է, բայց հնչյուններն ու գրելու ձևը կտարբերվեն: Ամեն պարագաններում` բոլորս հայեր ենք», - ասում է Վարդան Պողոսյանը:
Ռոբերտ Մաթևոսյանը նշում է, որ հայոց լեզվի ուսուցիչները ցուցում են ստացել, որ անհատական մոտեցմամբ պարապեն սիրիահայերի երեխաների հետ:
Ադրբեջանցի ակտիվիստները, իրենց հերթին, դժգոհում են, որ երկրի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում ստեղծված իրադրության կապակցությամբ:
«Ես դժգոհ եմ Ադրբեջանի կառավարության`այս ուղղությամբ իրականացրած գործունեությունից: Այն պարզապես բարձրացրել է խնդիրը միջազգային կառույցներում, և վերջ: Կառավարությունն այնպես է վարվում, կարծես հասարակական կազմակերպություն լինի... Այն կարծում է, թե բավական է այդ մասին ՄԱԿ-ին տեղեկացնել», - ասում է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին:
Նա կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ստիպել միջազգային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ`սիրիահայերի վերաբնակեցման գործընթացին վերջ տալու համար:
Իսկ Ղարաբաղում իրավապաշտպան ակտիվիստները հակված են անտեսել ադրբեջանական կողմի բողոքները:
Հելսինկյան նախաձեռնություն-92-ի ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը սիրիահայերի օգնություն ծրագիրը «միասնականության դրսևորում» է որակում:
Ավելին, նրա կարծիքով`սիրիահայերը կարող են մեծ ներդրում ունենալ շրջանի զարգացման գործում:
«Նրանք ավանդապահ հասարակությունից են սերում, որտեղ համագործակցության մշակույթը խիստ զարգացած է: Նրանցից շատերը գործարարներ են եղել և լավ կրթություն են ստացել: Նրանց կազմակերպչական հմտությունները տնտեսության և այլ ոլորտներում կարող են նշանակալի խթան հանդիսանալ Ղարաբաղի զարգացման համար», - կարծիք է հայտնել Օհանջանյանը:
Սիրիահայերին աջակցում են ոչ միայն իշխանությունները, այլև տարբեր հիմնադրամներ, որոնցից են «Քաշաթաղ» և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամները, ինչպես նաև` սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը:
«Արցախակերտում» նախաձեռնող խումբը երեք շաբաթ առաջ հասարակական կազմակերպությունների համար կազմակերպեց մեկնում դեպի Քաշաթաղ` սիրիահայերի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով: «Կամք» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանը նկատեց, որ ընդհանրապես սիրիահայերը տրտնջալու հակում չունեն.
«Իհարկե, դժվարություններ կան, և բոլորն էլ նշում են, որ իրենք Սիրիայում անհամեմատ լավ պայմաններում էին ապրում, սակայն կարևորն այն է, որ նրանք պատրաստ են աշխատելու և պայքարելու: Ավելին` ուշագրավ է, որ նրանցից ոմանք բավականին խոշոր ծավալով հողատարածքներ են մշակում, ինչը խոսում է նաև նրանց աշխատանքային հարմարվողականության մասին»:
Բեգլարյանի խոսքերով, նրանք բոլորը միաբերան պնդում էին, որ չեն զղջում իրենց ընտրության համար և նախատեսում են մշտապես բնակվել այնտեղ, եթե իրենց տների հարցը լուծվի:
Չնայած այս լավատեսական մոտեցմանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կասկածի տակ է դնում սիրիահայերի աջակցության ծրագրի իրականացման հավանականությունը:
Նա մեջբերում է լիբանանահայերի օրինակը, որոնք ժամանակին տեղափոխվել էին այստեղ, իսկ հետագայում հուսահատված հեռացել:
Բացի այն, որ Ղարաբաղի իշխանությունները սիրիահայերի վերաբնակեցման համար անհրաժեշտ «հնարավորություններ և ռեսուրսներ չունեն», իրադրությունը ողջ տարածաշրջանում չի նպաստում նրանց հաստատմանն այստեղ:
«Այսօր իրադրությունն այստեղ շատ ավելի անկայուն է, քանի որ ողջ տարածաշրջանին և հատկապես Ղարաբաղին ներկայում սպառնում է պատերազմի վտանգը», - նշում է Կիրակոսյանը: