.jpg)
Ռայոլա. «Մանչեսթեր Սիթին» երբեք չի վաճառի Բալոտելլիին»
Վերջին ժամանակաշրջանում խոսակցություններ կան, որ Մարիո Բալոտելլին կարող է տեղափոխվել «Միլան»: Իր ներկայիս ակումբում` «Մանչեսթեր Սիթիում», նա գրեթե խաղադաշտ դուրս չի գալիս: Նշվում է, որ ընդհանուր լեզու չի գտնում թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ: Նմանատիպ խոսակցությունները զարմացրել են «Միլանին», որն ի վիճակի չէ Մարիոյին տալ այնքան աշխատավարձ, որքան նա ստանում է մանչեսթերյան ակումբում, իսկ ՖԻՖԱ-ի գործակալ Մինո Ռայոլան ընդհանրապես հերքում է այս տեղափոխության հետ կապված լուրերը:
«Բալոտելլիի տեղափոխության հետ կապված բանակցություններ չենք վարում: Այս ամենը նման է Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկին: «Մանչեսթեր Սիթին» երբեք չի վաճառի Մարիոյին, առավել ևս` վարձավճարով չի ուղարկի այլ ակումբ: Ամեն դեպքում` մինչև հունվարի 31-ը դեռ ժամանակ կա, և չես կարող ասել, թե մինչ այդ ինչ կլինի»,- նշել է Ռայոլան: