.jpg)
Նախագահ. Ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ մեր կողմից չի ընկալվում որպես թշնամի
«Որոշ երկրներ նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը: Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, լսելով Ադրբեջանի նախագահի ելույթները, թե Երևանը կառուցվել է «պատմական ադրբեջանական հողերում», քմծիծաղ է տալիս: Այդ քմծիծաղը շատ հասկանալի է, բայց բոլոր դեպքերում այդ ասածներում մեծ վտանգ կա, քանի որ այդ վտանգը թունավորում է առաջին հերթին հենց ադրբեջանցի ժողովրդին և այդ թույնը կարող է ինչ-որ տեղ ժայթքել»,-նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հանդիպելով գորիսեցիների հետ, այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Խնդիրը, նրա խոսքով, առաջին հերթին անհանգստացնում է Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին, չնայած նրան, որ Հայաստանն ամբողջովին սահմանամերձ տարածք է. «Բայց սյունեցիներն ու առաջնահերթ գորիսեցիները շատ լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում անվտանգություն, և մոտիկից են ծանոթ պատերազմի արհավիրքներին: Սպառազինության մրցավազքը և ապաշրջափակումը տարածաշրջանի կայունության և անվտանգության գլխավոր մարտահրավերներն են և շարունակելու են ձևավորել հիմնական քաղաքական օրակարգը: Այլատյացությունը, հակամարտությունը ուժի սպառնալիքի բոլոր միջոցներով լուծելու՝ որոշ հարևանների ձգտումները իրական սպառնալիք են տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ ապագայի համար: Եվ մեր կողմից շարունակելու են մնալ մերժված»:
Հայաստանի մեկուսացումը, շարունակելով խոսքը, ասաց թեկնածուն, չի կարող նպաստել տարածաշրջանային կայունությանը, անվտանգությանն ու զարգացման ապահովությանը. «Հայաստանը շարունակելու է ծանրակշիռ ներդրումն ունենալ տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործում: Ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ մեր կողմից չի ընկալվում որպես թշնամի: Ես վստահ եմ, որ դահլիճում ներկա մարդկանց մեծամասնությունն այդպես է կարծում, և որ ներկաներից շատ քչերն են նույն ադրբեջանցիներին համարում իրենց թշնամիներ: Դա մեր պատմական փորձն է ու հազարամյակների պատմությունը` երբեք որևէ ժողովրդի չենք համարում թշնամի: Բայց մենք բոլորս պատրաստ ենք դիմակայել բոլոր նրանց, ով մեզ թշնամի է համարում կամ թշնամու տեղ է դնում»:
Նախագահի թեկնածուն ասաց, որ Հայաստանի անվտանգությունն ապահովող գործողություններն ուղղվելու են առաջին հերթին ազգային անվտանգությանը սպառնացող ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտմանն ու չեզոքացմանը և ազգային բանակի մարտունակության բարձրացմանն ու սպառազինմանը:
«Ես վստահ եմ, որ սյունեցիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է վատ ապրել, բայց ունենալ ավելի հզոր բանակ, մի քիչ ավելի վատ ապրել, մի քիչ ավելի քիչ կերակրել իրենց զավակներին, որպեսզի մեր զինվորը դրա կարիքը չունենա, նրանցից շատերը պատրաստ են իրենց նեղություն տալ, միայն թե բոլորիս անվտանգությունն ապահովված լինի»,- ասաց նախագաի թեկնածուն՝ ընդգծելով, որ սա դարերի պատմություն ունի, որը գալիս է մեր պատմական դառը փորձից, և «մենք ամեն բան պիտի անենք, որպեսզի այս դառը պտուղները երբեք այլևս չփորձենք»: