.jpg)
Ս. Սարգսյան. Կոռուպցիայի դեմ միայն իշխանությունների պայքարը բավարար չէ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր, հանդիպելով գորիսեցիներին, հայցեց նրանց աջակցությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:
Ներկայացնելով պաշտոնավարման նախորդ հինգ տարիների կատարածներն ու առաջիկա ծրագրերը՝ Ս. Սարգսյանն ասաց, որ իր համար չափազանց կարևոր է լսել քաղաքացիներին, լսել, թե որ խնդիրնեն են նրանց ամենից շատ անհանգստացնում:
Այսպես՝ գորիսեցիներից մեկը նախագահի թեկնածուին հարցրեց, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն ռիսկերը և առհասարակ կոռուպցիան վերացնելու ուղղությամբ. ի պատասխան Ս. Սարգսյանն ասաց, որ հասարկության ամենամեծ արատներից մեկը կոռուպցիան է, սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ դրա դեմ պայքարը դժվար է և չի կարող լուծվել՝ միայն մարդկանց պատժելով:
Վերջին ժամանակներում, մատնանշեց Ս. Սարգսյանը, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են և տեղաշարժեր նկատվում են. «Այս խնդիրը համալիր աշխատանք է պահանջում: Որպեսզի արմատախիլ անենք կոռուպցիան, մենք պետք է հասարկության մեջ այդպիսի տրամադրվածություն ստեղծենք, որովհետև միայն ու միայն իշխանությունների պայքարը բավարար չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է հասարկության բոլոր խավերի ցանկությունն ու մասնակցությունը լինի կոռուպցիայի դեմ պայքարում:
Շարունակելով խոսքը՝ նախագահի թեկնածուն ասաց, թե երբ չկան հստակ շարադրված պահանջներ, թե ինչ պետք է անի պաշտոնյան, երբ չկան պահանջների կատարման վերահսկման ուղղված մեխանիզմներ, շատ դժվար է դրա դեմն առնել, որովհետև. «Շատ հաճախ կաշառք տալիս է նա, ում ձեռնտու է, և կաշառք վերցնում է նա, ում տալիս են…. Եթե կաշառք տվող չլինի, կաշառք վերցնող չի լինի…. Դրա համար որաշակի ժամանակ է պետք, պետք է, որ բոլոր պատասխանատոուները կարողանան իրենց պարտականությունները հստակորեն կատարել»:
Եզրափակելով խոսքը՝ նախագահի թեկնածուն ընդգծեց, որ այս հարցում խիստ կարևոր է խնդրի վտանգավորության գիտակցումը: