Սերժ Սարգսյան. Յուրաքանչյուր նախագահ պետք է ամենաբարձր նշաձողը դնի
22/01/2013 13:32

Սերժ Սարգսյան. Յուրաքանչյուր նախագահ պետք է ամենաբարձր նշաձողը դնի

Այսօր ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը հանդիպում ունեցավ Սյունիքի մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ընտրազանգվածի հետ:

Սիսիանի մշակույթի տանը, ելույթ ունենալով ընտրողների առջև, նախագահի թեկնածուն նկատեց, որ նախորդ հավաքից չի անցել մեկ տարի, հետևաբար պետք է ստուգել՝ արդյո՞ք համաքայլ են ընթանում մեր ժամացույցների սլաքները, քանի որ ճշգրտելու անհրաժեշտություն կա:

Խոսելով իր անցած ուղղու մասին՝ նախագահի թեկնածուն ասաց. «Ղեկավարը պետք է քայլի մարդկանց հետ համընթաց՝ ճշտելով նրանց կարծիքը, միակ ճանապարհը դա է, հակառակ դեպքում չի կարող մարդկանց իր հետևից տանել»,- ասաց նախագահի թեկնածու Սարգսյանը՝ հավելելով, որ ժամանակն իր տեղն է դնում ամեն բան, «ժողովրդին հնարավոր չէ խաբել, բայց դա կարող է մի որոշ ժամանակ տևել»:

Ս.Սարգսյանը, դիմելով սիսիանցիներին, հայցեց նրանց աջակցությունը՝ մեկ ամիս հետո տեղի ունենալիք նախագահի ընտրություններում. «Առաջին անգամ չէ, որ գալիս եմ նման խնդրանքով»:

Ինչ վերաբերում է ապագայում իր անելիքներին՝ Ս.Սարգսյանն ասաց, որ յուրաքանչյուրը պարտավոր է նշաձողը բարձր դնել, որ մյուսները նույնպես ձգտեն բարձրին. «Իմ տված խոստումներից ոչ բոլորն են կատարվել, սակայն հստակ է, որ հանրապետության յուրաքանչյուր նախագահ պետք է ամենաբարձր նշաձողը դնի… Սակայն իմ տված ամենակարևոր խոստումը՝ լոդրություն չանելը, կատարել եմ, առավոտից երեկո աշխատել եմ՝ լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները»:

Եզրափակելով խոսքը՝ Ս.Սարգսյանն ասաց, որ բոլոր խնդիրները, որ 2012-ին դրվել են իրենց առաջ, հիմնակում կատարվել են:

Նշենք, որ Ս.Սարգսյանի հաջորդ կանգառը Գորիսում է, որտեղ նախագահը կմասնակցի Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացման արարությանը:

Սերժ Սարգսյան. Յուրաքանչյուր նախագահ պետք է ամենաբարձր նշաձողը դնի